Բեզոարյան այծ
Բեզոարյան այծ, ԶՈՒՅԳՍՄԲԱԿԱՎՈՐՆԵՐ
Ընտանիք` Սնամեջ եղջյուրավորներ
Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում:
WWF աջակցում է բեզոարյան այծի արեալի սահմաններում նոր պահպանվող տարածքների ստեղծման և զարգացման աշխատանքներին: Անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը որսագողության դեմ և խստացնել բնապահպանական ռեժիմը:
Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) “Vulnerable A2cd” կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի` VU C2a(i):
Տարածվածությունը: Տեսակի արեալը ներառում է Հյուսիսային Կովկասից (Դաղստան) մինչև Պակիստան և Աֆղանստան ընկած տարածաշրջանը:
Տարածվածությունը Հայաստանում: Արեալը ներառում է Սևանի լեռնաշղթան (գ.Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրձի, Վարդենիսի, Վայոց Ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրիի լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը: Մեկուսացած խմμեր պահպանվել են Խուստուպ լեռան վրա, գ. Որոտանի կիրճում, գ. Արփայի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է:
Ապրելավայրերը: Պարտադիր պայման է խիտ ծառաթփային բուսականության, քարաթափվածքների և թաքստոցների առկայությունը: Այծերը պարբերաբար կատարում են ուղղահայաց միգրացիաներ. ձմռանը` դեպի նախալեռներ, ամռանը` դեպի բարձունքներ: Տարածքային մեծ տեղափոխություններ չեն կատարում:
Կենսաբանության առանձնահատկությունները:
Զուգավորումը տեղի է ունենում նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբը, ձագերը (սովորաբար, զույգ) ծնվում են մայիսի կեսերին: Պահվում է Երևանի Կենդանաբանական այգում: Հեշտությամբ բազմացվում է անազատ պայմաններում:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս գնահատմամբ` բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ: Այն զգալիորեն գերազանցում է այլ հեղինակների ավելի վաղ տվյալները: Պոպուլյացիան խիստ մասնատված է մանր, իրարից տարանջատված խմբավորումների:
Վտանգման հիմնական գործոնները: Որսագողությունը, հողերի յուրացումը,լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը, անասունների արածեցումը:
Լուսանկարների հեղինակ` Ալեքսանդր Մալխասյան Հատուկ շնորհակալություն Գերմանիայի Բնության Պահպանության Միություն (ԳԲՄՊ) Գրանցված Կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղին (The Branch of German Nature Protection Union in the Republic of Armenia)