«Գնացել էր արջ բռնելու»․ Տավուշում ողբերգական դեպք է գրանցվել

Օրերս Տավուշի մարզի Նավուր գյուղում արտակարգ և ցավալի դեպք է տեղի ունեցել։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկություններով՝ Նավուր գյուղի 41-ամյա բնակիչը մոտեցել է արջի որջին, որտեղ կենդանին ձմեռում է, ինչի հետևանքով կենդանին դրսևորել է ագրեսիվ վարք և երիտասարդը մահացել է։ 

Մեր աղբյուրի խոսքերով․ «Տղամարդը գնացել էր արջ բռնելու, բայց ողբերգական ավարտ է ունեցել»։ 

Ընդգծենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը մշտապես հորդորել և կոչ է արել քաղաքացիներին լինել զգոն վայրի բնության գրկում, հատկապես՝ վայրի կենդանիների հետ առնչվելիս, հնարավորինս խուսափել վայրի կենդանու հետ անմիջական շփումից։ 

Այս պարագայում, դեպքը ողբերգական ավարտ է ունեցել մարդկային արկածախնդրության և գիտելիքի պակասի հետևանքով․ ի դեպ, մարդը համարվում է բանական էակ, ի տարբերություն արջի։ 

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը ևս հայտնել է դեպքի մասին՝ գրելով․ «Հաշվի առնելով այս դեպքը և անելով հնարավոր ամեն ինչ խուսափելու կրկնությունից ցանկանում ենք հիշեցնել մի քանի կանոն, որոնք պետք է պահել անտառում արջի հանդիպելիս։

Նախ, եթե գիտեք, թե որտեղ են արջերը ձմեռում, աշխատեք հեռու մնալ այդ տարածքից և մի՛ փորձեք մտնել ներս, առավել ևս ձմռանը, երբ արջերը պատրաստվում են քուն մտնել։ Սա թերևս ամենավտանգավոր դեպքերից մեկն է, քանի որ փաստացի դուք մտնում եք կենդանու «տուն», և մի զարմացեք ագրեսիվ ռեակցիա տեսնելու դեպքում։ Բացի այդ այն տեղերը, որտեղ ձմեռում են արջերը, սովորաբար ունենում են միայն մեկ մուտք և ելք, և փակելով այդ ելքը, դուք հնարավորութուն չեք տալիս կենդանուն փախչել և դրդում ինքնապաշտպանվել՝ հարձակվելով ձեզ վրա։

Խուսափե՛ք հանդիպումներից նաև գարնան ամիսներին, երբ մայր արջը իր ձագերի հետ է։ Այս դեպքում, զգալով թեկուզ ամենափոքր վտանգ Ձեր կողմից, մայր արջը կհարձակվի, պաշպանելու համար ձագերին։ Անտառ գնալուց առաջ անպայման տեղեկացրե՛ք որևէ մեկին Ձեր ուղղության և վերադարձի հնարավոր ժամանակի մասին։ Խմբերով քայլարշավ կազմակերպելուց առաջ փրկարարական ծառայությանը տվե՛ք այն ճանապարհի քարտեզը, որով անցնելու եք և վերադարձի հնարավոր ժամանակը։

Սրանք առաջնային քայլերն են, որոնք պետք է հիշեն բոլորը, խուսափելու համար արջերի հետ առճակատումից։ Պահե՛ք անվտանգության կանոնները և պատրաստվե՛ք անտառ գնալուց առաջ»։

Նշենք, որ ՀՀ–ում հանդիպում է գորշ արջերի /Ursus arctos/ տեսակը, որն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400–500 մինչև 3000 մ բարձրություններում: Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը, մարդու կողմից անհանգստություն պատճառելը:

Լուսանկարը՝ համացանցից։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում