Վարչապետը «ծաղրում» է բնապահպաններին
Երեկ՝ հունվարի 30-ին, վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Վարչապետին մանրամասնորեն ներկայացվել է 2017թ.-ին նախարարության կողմից իրականացված քայլերը և 2018թ.-ի ընթացքում ծրագրված գործողություններն ու նախագծերը: Բովանդակալից անդրադարձ է եղել նաև հանքարդյունաբերության ոլորտին: Վարչապետի խոսքերից կարելի է եզրահանգել, որ ՀՀ Կառավարության ղեկավարը լուրջ մտադրություն ունի «մոտիվացնելու» այս ոլորտը, դրանով իսկ, իր պատկերացմամբ, «զարգացնելով» երկրի տնտեսությունը:
Անդրադառնալով հանքերի օգտագործման լիցենզիաների տրամադրման հարցին, Կարեն Կարապետյանն ասել է. «Պետք է հետևել մեր գործընկերների կարգապահությանը և հասկանալ՝ ինչպես ենք անում, որպեսզի այդ դաշտը մոտիվացնենք, որովհետև այնտեղ տնտեսական աճի մեծ ներուժ ունենք»:
Հիշեցնենք նաև, որ բոլորովին վերջերս՝ Շվեյցարիայի Համադաշնություն այցելության ժամանակ, վարչապետն իր ելույթում ևս շեշտել էր հանքարդյունաբերության ոլորտի ընդլայնման մտադրության մասին՝ կոչ անելով շվեյցարացիներին ներդրումներ իրականացնել այս ոլորտում:
Մինչ այսօր Հայաստանը կանգնած է լրջագույն բնապահպանական աղետի առջև, երբ արդեն մի քանի աղբյուրներից հնչում են տեղեկություններ հանքադյունահանող կազմակերպությունների կողմից վնասակար թափոնների սխալ կառավարման, պոչամբարների վատ վիճակի, պոչանքի դեպի արտաքին աղբյուրներ, մասնավորապես՝ Դեբեդ, Շնող և այլ գետեր, արտահոսքի, տվյալ տարածաշրջանում աղտոտվածության բարձր աստիճանի, ինչպես նաև օնկոլոգիական հիվանդություններով տառապող մեծ թվով ՀՀ քաղաքացիների մասին, Կարեն Կարապետյանը հայտարարում է հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա զարգացման մասին:
Նշենք, որ երկրաբանության ոլորտի բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ Հայաստանում թույլատրելի չեն նոր հանքերի շահագործումը, քանի որ դա կարող է հանգեցնել բնապահպանական աղետի: Հաշվի առնենք նաև, որ Հայաստանի տնտեսության այս ոլորտում գոյություն ունեն դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ, ինչպիսին է օրինակ՝ Ամուլսարի հանքի շահագործումը: Հանքարդյունաբերության ոլորտի սննդային շղթայի և մարդու օրգանիզմի վրա ազդեցությունն արդեն իսկ ապացուցված փաստ է: