«Այս ոսկին ուտելով չի կարելի կշտանալ». Ամուլսարի «ոսկին»՝ Երևանի սրտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Հայկական բնապահպանական ճակատ»-ի անդամների նախաձեռնությամբ իրականացվեց իրազեկման ակցիա Ամուլսարի խնդրի շուրջ: Ակցիան սկսվեց Երևանի Կասկադ համալիրից և ավարտեց մայրաքաղաքի հենց սրտում՝ Հանրապետության հրապարակում: Ակցիայի մասնակիցներն ամեն կերպ փորձում էին Ամուլսարի խնդրի մասին իրազեկել անցորդներին, սրճարաններում նստած մարդկանց, բոլոր քաղաքացիներին, ինչը պարզվեց այնքան էլ դյուրին չէ: Փաստենք, որ Երևանում առօրյա հոգսերով ապրող մարդկանց մեծամասնությունը տեղյակ չէ խնդրից:

Ակցիայի մասնակիցներն Երևանի ամբողջ կենտրոնով իրենց հետ պտտեցրեցին «ոսկե» գունդը, որը խորհրդանշում է Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում ստացվելիք ոսկին: Գունդը պատրաստված է 70 տոննա ոսկու չափերով, որը ենթադրաբար պետք է կորզվի Ամուլսարից: Մասնակիցներն առաջարկում էին անցորդներին նկարվել ոսկե գնդի հետ, այն տարածել սոցիալան կայքերում՝ այսպիսով միանալով պայքարին:

«Կարող եք նկարվել ոսկե գնդի հետ, տարածել այն ձեր սոցիալական կայքերում: Ջուրը, որ մենք այժմ խմում ենք, հողը որից սնվում ենք կարող է թունավորվել հանքի շահագործման արդյունքում»,- բարձրախոսով հայտարարում էր ակցիայի մասնակից երիտասարդ աղջիկներից մեկը՝ փորձելով մարդկանց հասցնել խնդրի կարևորության աստիճանը:

Ոսկե գունդը շրջեց ամբողջ կենտրոնով և վերջնակետին հասավ Հանրապետության հրապարակում: «Այս 70 տոննա ոսկին Կառավարության բկին է կանգնելու: Ամուլսարի շահագործման ծրագիրն աղետ է լինելու Հայաստանի Հանրապետության համար, իսկ այս խորհրդանշական 70 տոննա ոսկին, որ մենք բերել ենք, նվեր ենք տալիս Կառավարությանը, որպեսզի նա հիշի՝ այս ոսկին ուտելով չի կարելի կշտանալ: Ջուրը, հողը և ստացված բերքն ավելի կարևոր են, քան այս 70 տոննա ոսկին: Եթե ունակ չեք գնահատելու շահագործման արդյունքում ինչպիսի լրջագույն խնդիրներ են առաջանալու, ուրեմն այս ոսկին թող կանգնի բոլոր այն մարդկանց բկներին, ով ցանկանում է մեր բնությունը ավիրել»,- Կառավարության շենքի առջև հայտարարեց «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը:

Բնապահպանական ակցիայի մասնակիցները Կասկադ համալիրից Հանրապետության հրապարակ հասցրած ոսկե գունդը, որը «նվիրեցին» Կառավարության անդամներին, ցանկանում էին թողնել հրապարակի կենտրոնում, սակայն ոստիկանները թույլ չտվեցին և շուտով փոքր ընդհարում սկսվեց մասնակիցների և ոստիկանների միջև:

Ի վերջո, ոսկե գունդը հրապարակի կենտրոնում էր՝ ոստիկաններով շրջապատված:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում