Սովորական երկարաթև չղջիկ. Հայաստանի Կարմիր գիրք
Սովորական երկարաթև չղջիկը Հարթաքթայինների ընտանիքին պատկանող կենդանի է։
Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):
Տարածվածությունը: Իսպանիա, Աֆրիկա, Մադագասկար, Հնդկաստան, Չինաստան, Միջին Ասիա, Մալայան արշիպելագ, Ճապոնիա, Ավստրալիա, Նոր Գվինեա, Ղրիմ, Կովկաս, Անդրկովկաս:
Տարածվածությունը Հայաստանում: Տարածված է բոլոր շրջաններում, բացի Շիրակի ու Արագածոտնի մարզերից, ինչպես նաև Գեղարքունիքի հյուսիսից: Առավել հաճախ կարելի է հայտնաբերել Երևանում, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:
Ապրելավայրերը: Բացառապես քարանձավային տեսակ է: Գերադասում են կարստային ծագում ունեցող լայն, լավ օդափոխվող քարանձավները: Սրանց հաճախ կարելի է հանդիպել այլ հարթաքթայինների և պայտաքթայինների հետ:
Կենսաբանության առանձնահատկությունները: Ձմռանը լքում են թաքստոցները և հաճախ չվում հանրապետության սահմաններից դուրս: Ակտիվ են վաղ գարնանից մինչև ուշ աշուն: Թռչում են արագ` միջատներին բռնելով ջրի մակերեսից, ավտոճանապարհներից և այլ բաց տարածություններից (անտառեզրեր, կիրճեր, գյուղերի և քաղաքների հրապարակներ): Մայիսի վերջին–հունիսի սկզբին էգը ծնում է մեկ ձագ: Որոշ դեպքերում ձևավորում են բազմաքանակ մայրական գաղութներ:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայումս թվաքանակը գաղութներում և երկարաթև չղջիկների ընդհանուր թվաքանակը պոպուլյացիաներում զգալիորեն կրճատվել է:
Վտանգման հիմնական գործոնները: Մարդու կողմից անհանգստացնելը բազմացման և ձագերի զարգացման ընթացքում: Ձմեռման խանգարումը:
Պահպանության միջոցառումները: Քարանձավների մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում: «Մագիլի», «Մոզրով» և «Արջի» քարանձավները փակվել են այցելուների համար: Անհրաժեշտ է սովորական երկարաթև չղջիկի ապրելավայրեր հանդիսացող քարանձավների մուտքը փակել այցելուների համար: