Լայնականջ ոզնի. Հայաստանի Կարմիր գիրք

Լայնականջ ոզնին Ոզնիակերպերի ընտանիքին պատկանող կենդանի է։

Կարգավիճակը: Հազվադեպ հանդիպող տեսակ է: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Հարավարևելյան Եվրոպա, Առաջավոր, Միջին և Կենտրոնական Ասիա, Արևմտյան Սիբիր, Հյուսիսային Կովկաս, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզեր, ինչպես նաև Արագածոտնի հարավային և հարավարևմտյան շրջանները:

Ապրելավայրերը: Չոր տափաստաններ, կիսաանապատներ, անապատներ: Խուսափում է խիտ բուսածածկով և մշակված տարածություններից: Լեռներում բարձրանում է մինչև ծ.մ. 1355 մ բարձրություններ: Առավել գերադասում է խաղողայգիները, պտղատու այգիները և տնամերձ բանջարանոցները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Մթնշաղագիշերային կենդանիներ են: Սնվում են հիմնականում անողնաշար կենդանիներով (անձրևաորդեր, բզեզներ, ծղրիդանմաններ), ինչպես նաև մողեսներով, ավելի հազվադեպ` մանր կրծողներով և մանր թռչունների ձագերով: Բազմացման շրջանը երկարաձգված է: Հղի էգերը և նորածինները հանդիպում են վաղ գարնանից մինչև ամռան կեսերը: 1–7 ձագերը ծնվում են մերկ և կույր: Ձմռանը քուն են մտնում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Չնայած լայնտարածմանը՝ Հայաստանի սահմաններում արեալի մեծ մասում թվաքանակը բավականին փոքր է: Թվաքանակն առանձին պոպուլյացիաներում շարունակում է կրճատվել:

Վտանգման հիմնական գործոնները: Բնորոշ ապրելավայրերի քայքայումը, խաղողայգիների և պտղատու այգիների ոչնչացումը, ճանապարհներին` մեքենաների անիվների տակ ընկնելու բարձր տոկոսը, ապօրինի որսը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում: Ոզնիների հանդիպման վայրերում ճանապարհներին տեղադրել արագությունը սահմանափակող վահանակներ: Խստացնել պատժամիջոցները լայնականջ ոզնու ապօրինի որսի համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում