Ժայռային դրախտապան. Հայաստանի Կարմիր գիրք
Ժայռային դրախտապանը Դրախտապանների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Սակավաթիվ օլիգոտոպային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):
Տարածվածությունը: Տեսակը տարածված է Անդրկովկասից և Թուրքիայից մինչև Իրան և Թուրքմենիայի հարակից շրջաններ:
Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Հայաստանի հարավարևելյան շրջանների կիսաանապատային տեղանքներում, ինչպես նաև Արագածի և Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերին` մինչև ծ.մ. 1900 մ բարձրություններ:
Ապրելավայրերը: Կիսաանապատային գոտու հարաբերականորեն փոքր թեքությամբ լանջերը պարտադիր թփուտների առկայությամբ:
Կենսաբանության առանձնահատկությունները: Գարնանային չուն նկատվել է ապրիլի կեսերին: Բազմանում են մայիսից մինչև հուլիս: Բները պատրաստում են քարերի կամ փոքր թփերի տակ: Առավել ուշ ձվադրմամբ բնում հայտնաբերվում է 3–5 ձու: Էգը թխսում է 13 օր: Ձագերին կերակրում են սերմերով, թիթեռների թրթուրներով, տարբեր միջատներով և դրանց թրթուրներով: Բույնը լքում են 11–13–րդ օրը: Հուլիս–օգոստոսին դիտվում են կրկնակի ձվադրումներ: Թռչող ձագերը հանդիպում են հունիսի կեսերից մինչև օգոստոս: Չվում են սեպտեմբերի առաջին կեսին:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Սակավաթիվ է: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: Հարմար բիոտոպերում հանդիպումների հաճախականությունը բավականին բարձր է:
Վտանգման հիմնական գործոնները: Կիսաանապատային ապրելավայրերի յուրացումը տնտեսական նպատակներով:
Պահպանության միջոցառումները: Բնադրավայրերի մի մասը գտնվում է «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է կատարել տեսակի համալիր ուսումնասիրություններ՝ ընդգրկելով այն ամենամյա հաշվառումների հիման վրա կատարվող կենսաբազմազանության մոնիթորինգի պլանում: Հաշվի առնելով Հայաստանում այս տեսակի արեալի փոքր չափերը, տեսակի օլիգոտոպությունը և ապրելավայրերի յուրացման վտանգը՝ անհրաժեշտ է վերանայել կիսաանապատային գոտու յուրացման քաղաքականությունը և դիտարկել արգելավայրերի ստեղծման հնարավորությունը: Անհրաժեշտ է նաև լայնորեն անցկացնել բացատրական աշխատանքներ տեսակի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ: