Բորակաթուփ. ՀՀ Կարմիր գիրք
Բորակաթուփ (լատ.՝ Nitraria), բորակաթուփազգիների ընտանիքի թփուտների ցեղ։ Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ բորակաթուփ Շոբերի (N. schoberi)։
Ցողունը փռված է, խիստ ճյուղավորվող, փշոտ, սպիտակակեղև, բարձրությունը՝ 30-200 սմ։ Տերևները փնջերով են, նստադիր, երկարավուն՝ բութ գագաթով, հիմքում՝ նեղ։ Ծաղկաբույլը խխունջաձև է, ծաղիկները՝ կանաչադեղնավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը հատապտղանման, նարնջագույն կամ մուգ կարմիր, միասերմ կորիզապտուղ է։ Պարունակում է ալկալոիդևեր։ Ցողուններից կարելի է ստանալ սոդա։ Պտուղը քաղցր է և ուտելի։ Լավորակ կեր է նաև տարբեր կենդանիների, սողունների և թռչունների համար։
Հանդիպում է Արմավիրի (Երասխավան, Արազափ գյուղերի շրջակայքում) և Սյունիքի (Արաքս գետի մերձափնյա որոշ հատվածներում) մարզերում։ Աճում է բլրակածածկ աղուտներում, գետերի և առվակների աղակալած ափերին: