Բոշխ. ՀՀ Կարմիր գիրք
Բոշխ (լատ.՝ Carex), բոշխազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 2000, ՀՀ-ում՝ 65 տեսակ։
Ցողունը եռանիստ է, երբեմն՝ գլանաձև, առանց հանգույցների, բարձրությունը՝ 1080 սմ։ Տերևները նեղ են, գծաձև, կտրող, ծաղիկները՝ միասեռ, միատուն, հասկիկները՝ բազմածաղիկ։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը եռանիստ ընկուզիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, ֆիզիոլոգիորեն ակտիվ նյութեր (օրինակ՝ բրևիկոլին, որն օգտագործում են որպես արյան ճնշումը կարգավորող միջոց)։ Որոշ տեսակների ծղոտից պատրաստում են ճիլոպ, խսիր, պարան, պարկացու գործվածք, հյուսում պայուսակներ և այլն։
Տարածված է բոլոր մարզերում։ Ջրաճահճային միջավայրերում աճում են բոշխ սուր (C. acutiformis), բոշխ գեղակազմ (C. gracilis), բոշխ երկառէջք (C. diandra), մարգագետիններում՝ բոշխ տխուր (C. tristis), բոշխ սև (C. nigra), անտառներում՝ բոշխ աղքատիկ (C. depauperata), բոշխ Միքելի (C. michelii), անապատներում՝ բոշխ հաստասռնակ (C. pachystylis), բոշխ թավոտ (C. hirta) և այլ տեսակներ։ Կոճղարմատները սողացող են, առաջացնում են գուղձեր, ճիմեր։
Բոշխ Բոհեմի (C. bohemica)-ն հանդիպում է միայն Լոռու սարահարթում (1450 մ բարձրություններում), ճահճուտներում, բոշխ կիլիկյանը (C. cilicica)՝ Վայքի լեռնաշղթայում (2600 մ բարձրություններում), ենթալպյան գոտու ճահճուտներում և առվակների ափերին։