Մեծ ենթարծիվ. Հայաստանի Կարմիր գիրք

Մեծ ենթարծիվը Ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Քիչ քանակությամբ հանդիպող, խոցելի տեսակ է, որը հանդիպում է Հայաստանում հիմնականում չուի ընթացքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable» C2a(ii) կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU C2a(ii):

Տարածվածությունը: Հանդիպում է Գերմանիայից և Բալկանյան թերակղզուց մինչև Ամուրի հովիտ, Արևելյան Տյան-Շանում, Կովկասում և Հյուսիսարևմտյան Հնդկաստանում: Ձմեռում է Հարավարևելյան Անդրկովկասում, Իրանում, Մեսոպոտամիայում, Հնդկաստանում, Մյանմայում, Հարավային Չինաստանում և Եգիպտոսում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է լեռնատափաստանային գոտու նախալեռներում, առավելապես հանրապետության հյուսիսային մասում:

Ապրելավայրերը: Չուի շրջանում գերադասում է բաց տարածքները` դաշտերը, լեռնային տափաստանների և մարգագետինների խոպան հատվածները, երբեմն` ճահճացած հատվածները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Չուի շրջանում կարող է հանդիպել այլ արծիվների հետ նույն խմբերում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հավաստի տեղեկությունները բացակայում են: Տեղ–տեղ հանդիպում է գարնանային (ապրիլ) և աշնանային (սեպտեմբեր–հոկտեմբեր) չուի շրջաններում: Նկատվում է թվաքանակի խիստ կրճատում ամբողջ արեալում:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակը: Որսագողությունը: Բնորոշ ապրելավայրերի քայքայումը տնտեսական գործունեության արդյունքում:

Պահպանության միջոցառումները: Հատուկ միջոցառումներ չեն իրականացվում: Տեսակը խիստ պահպանության կարիք ունի: Անհրաժեշտ է լայնորեն պրոպագանդել տեսակի պահպանության անհրաժեշտությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում