Ալպիական մանուշակ. ՀՀ Կարմիր գիրք
Արջտակ (լատ.՝ Cyclamen), ալպիական մանուշակ, գնարբուկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 55, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արջտակ գարնանային (C. vernum)։
Տերևներն արմատամերձ են, երկար կոթուններով, ձվաձև, սրտաձև հիմքով, ամբողջաեզր, վերևի մասում՝ նրբագեղ նախշերով ծածկված։ Ծաղկակիր ցողունը տերևազուրկ է, երկարությունը՝ 3-18 սմ, կրում է մեկ ծաղիկ։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Պտուղը գնդաձև տուփիկ է, սերմերը՝ գորշ, անկյունավոր։
Հանդիպում է միայն Տավուշի մարզի ստորին լեռնային գոտում։ Աճում է անտառներում, թփուտներում, լեռնալանջերին. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Արմատները մսոտ են, պալարանման հաստացած։ Փակ գրունտում մշակվում են արջտակ պարսկականը (C. persicum) և նրա սորտերը (շքեղ, հսկայական, փայլուն, ռոկոկո և այլն)՝ որպես գեղազարդիչ և թաղարային բույս, նաև կտրած ծաղիկ ստանալու համար (ծաղիկները բազմերանգ են, երբեմն՝ բուրավետ)։ Ծաղկում է հոկտեմբեր-ապրիլին։ Որոշ տեսակներ (պալարները) օգտագործվում են որպես դեղաբույս, պարունակում են սապոնիններ։ Պատրաստուկներն օգտագործվում են ճակատային և վերին ծնոտային ծոցերի բորբոքման ժամանակ, օժտված են նաև սիրտանոթային ազդեցությամբ։