Տափաստանային մկնաճուռակ. Հայաստանի Կարմիր գիրքը

Տափաստանային մկնաճուռակը Ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ է: Ողջ տարվա ընթացքում չվահյուր: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1ab(iii)+2ab(iii); D:

Տարածվածությունը: Հարավարևելյան Եվրոպա, Հյուսիսային Ղազախստան և Հարավարևմտյան Սիբիր:

Տարածվածությունը Հայաստանում: Նկատվել է Աբովյանի, Արտաշատի, Սևանի և այլ շրջաններում, առավելապես, կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում: Տափաստանային մկնաճուռակը դասվում է Հայաստանի բնադրող չվող տեսակների թվին:

Ապրելավայրերը: Լեռնատափաստաններ, լայնարձակ հարթավայրային հովիտներ, սովորաբար, ծ.մ. 800–2000 մ բարձրություններում: Չուի ընթացքում` տարածված: Ապրելավայրերը զգալիորեն քայքայվել են` կապված գյուղատնտեսական կարիքների համար դրանց օգտագործման հետ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները դնում են ուղղակի հողի վրա, սովորաբար խիտ խոտաբույսերում ապրիլի երկրորդ կեսին–մայիսի սկզբին: Զարգացումը` 30 օր: Ձագերը դուրս են գալիս հունիսի առաջին կեսին: Թռչող, երիտասարդ թռչուններ հանդիպում են հուլիսի կսերից: Սնվում են հիմնականում մկանանման կրծողներով և մանր թռչունների ձագերով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայաստանում ընդհանուր թվաքանակը հայտնի չէ:

Վտանգման հիմնական գործոնները: Ապրելավայրերի զգալի քայքայումը` կապված կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում հողերի ինտենսիվ յուրացման հետ, բների ոչնչացումն ապրելավայրերում անասունների արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Անհրաժեշտ է լայնորեն պրոպագանդել տափաստանային մկնաճուռակի պահպանման անհրաժեշտությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում