Տուրպան. Հայաստանի Կարմիր գիրք

Տուրպանը Բադերի ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հազվագյուտ անհետացող տեսակ է, որոշ տեղերում` չվահյուր: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Տարածված է Սկանդինավյան թերակղզում, Ասիայի հյուսիս–արևմուտքում, Անդրկովկասում, Փոքր Ասիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է միայն Սևանա լճի ավազանում` գարնանային և աշնանային շրջաններում:

Ապրելավայրերը: Բնադրման շրջանում հանդիպում են առափնյա զառիթափ ափերով ջրամբարներում: Բնադրման ավարտից հետո և ձմռանը հանգստանում են ջրամբարների խորջրյա մասերում: Կերակրվում են առափնյա ծանծաղուտներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են ինչպես ափամերձ, խոտածածկ վայրերում` անմիջապես հողի վրա, թփուտների տակ, այնպես էլ քարակույտերի տակ և ափամերձ ժայռերում: Դնում են 6–10 կաթնագույն ձու՝ 64–70 մմ: Թխսումը՝ 28–30 օր: Ինչպես և կարմիր բադերը, հակում ունեն այլ ծնողներից խլելու նրանց ճտախումբը և համախմբելու իրենց շուրջը: Ձագերը զարգանում են բավականին դանդաղ և թռչել սկսում են սեպտեմբերի կեսերից ոչ շուտ: Սեռահասուն են դառնում կյանքի 2–րդ տարում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Մինչև Սևանա լճի մակարդակի իջեցումը համարվում էր սովորական, նստակյաց տեսակ: Ներկայումս չեն բնադրում: Չուի շրջանում հանդիպում են 3–5 առանձնյակներից ոչ ավելի:

Վտանգման հիմնական գործոնները: Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով բնադրավայրերը կորցրել են իրենց նշանակությունը: Բացասականորեն է ազդում նաև Սևանա լճի սառեցապատումը ձմռանը և գրեթե շուրջօրյա ձկնորսությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց, հավանաբար, կվերականգնվեն նախկին բնադրավայրերը: Անհրաժեշտ է հաշվառումներ կատարել տարվա բոլոր շրջաններում, բացահայտել բնադրման հնարավոր վայրերը և ապահովել դրանց պահպանությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում