Լայնակտուց բադ. Հայաստանի Կարմիր գիրք

Լայնակտուց բադը Բադերի ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Կլոր տարի` չվահյուր: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս, Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Անդրկովկասում, Միջին Ասիայում, Մոնղոլիայում, Հյուսիսային Ամերիկայում:

Տարածվածությունը Հայաստանում: Աշնանային և գարնանային չուի շրջաններում հանդիպում է Սևանա լճի ավազանում, Արփի լճում և Արաքս գետի գերխոնավ տարածքներում:

Ապրելավայրերը: Մինչև Սևանա լճի մակարդակի իջեցումը, բնադրում էր միայն Սևանա լճի ավազանում: Չուի շրջանում հանդիպում է Սևանա լճի ավազանում, Արփի լճում, Ախուրյանի, Ապարանի, Սպանդարյանի ջրավազաններում: Գերադասում են բաց ջրային մակերեսով և հարուստ ջրային առափնյա բուսականությամբ ջրամբարները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են գետնի վրա, բաց ջրից ոչ հեռու, թփուտային բույսերի տակ: Ձվերը՝ 48–58 մմ, 7–11, խամրասպիտակ: Թխսումը` 22–23: Ձվերից դուրս եկած ձագերը հիանալի լողում և սուզվում են:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Գարնանային և աշնանային չուի շրջաններում հանդիպում են առավելապես Արաքսի հովտի բնական և արհեստական ջրամբարներում, Սևանա լճի ավազանում` առավել քիչ` 10–15 անհատներ:

Վտանգման հիմնական գործոնները: Սևանա լճի ավազանում բնադրավայրերի բացակայությունը: Արաքսի հովտում` անհանգստացման գործոնը: Վտանգման գործոններից է նաև ձկնորսությունը և որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում: Սևանա լճի մակարդակի բարձրացման դեպքում, հավանաբար, բնադրավայրերը կվերականգնվեն: Անհրաժեշտ է կազմակերպել թվաքանակի հաշվառումներ ողջ տարվա ընթացքում, բացահայտել բնադրման հնարավոր վայրերը և ապահովել դրանց պահպանությունը: Չուի շրջանում և ձմռանն ուժեղացնել պայքարը որսագողության դեմ: Արմաշի ձկնաբուծական տնտեսության ողջ տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում