3 միլիոն դոլար կներդրվի վերականգնվող էներգետիկայի ոլորտում

• «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը» բաժնետիրական կապիտալի ներդրում է կատարում «ԷկոՎիլ» ընկերությունների խմբում։

• Նոր ներդրումներ կիրագործվեն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում

• Ներդրումների շնորհիվ ընկերությունը կընդլայնվի տարածաշրջանում և նոր ապրանքատեսակներ կարտադրի։

«Ամբեր Կապիտալի» կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը» 3 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարելու «ԷկոՎիլում», որը հանդիսանում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործող դիվերսիֆիկացված ընկերությունների խումբ:

Ներդրումներից ստացված կապիտալը կաջակցի խմբի արտադրական հզորությունների ավելացմանը՝ հնարավորություն ընձեռելով «ԷկոՎիլին» ընդլայնել իր գործունեությունը տարածաշրջանում և մուտք գործել այնպիսի նոր շուկաներ, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի վաճառքը և էլեկտրաշարժունակությունը: Ներդրումը նաև կօժանդակի «ԷկոՎիլին» բարելավելու իր բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման գործընթացները և լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի տարբեր մարզերում:

2015 թ․-ին հիմնադրված «ԷկոՎիլը» Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման առաջատար ընկերություններից է, որի աշխատակիցների թիվը հասնում է 180-ի։ Վերականգնվող էներգետիկայի ոլորտում խմբի կողմից իրականացված ծրագրերը երկրում ածխաթթու գազի արտանետումները նվազեցրել են տարեկան մինչև 80,000 տոննայով։

«Ամբեր Կապիտալ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանն ասաց․ «Մենք արդեն բավական ժամանակ է, ինչ ճանաչում ենք «ԷկոՎիլին», և հնարավորություն ենք ունեցել միասին հաջողությամբ ավարտել հիմնադրամին պատկանող երկու արևային ֆոտովոլտային կայանների կառուցումը Հայաստանում: Ընկերությունն ունի մի շարք ռազմավարական ծրագրեր, որոնք պահանջում են թե՛ կապիտալ, թե՛ մասնագիտական փորձառություն, և մենք շատ ուրախ ենք «ԷկոՎիլ» -ի հետ համագործակցելու ևս մեկ հաջող նախաձեռնության շրջանակներում»:

«ԷկոՎիլ»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վարդան Հովսեփյանն ասաց․ «Այս համագործակցությունը հսկայական հնարավորություններ է բացում «ԷկոՎիլի» աճի և զարգացման համար: «Ամբեր Կապիտալի» ներդրումը կարևոր նշանակություն կունենա մեր միջազգային ընդլայնման և արտադրության նոր հոսքագծերի գործարկման համար: Մենք ապագայի համար հավակնոտ նպատակներ ենք սահմանել և մտադիր ենք օգտագործել այդ միջոցները վերականգնվող էներգետիկայի ոլորտում մեր դիրքերն ամրապնդելու, ինչպես նաև մեր հաճախորդներին մատուցվող ծառայությունները դիվերսիֆիկացնելու համար: Բացի այդ, մեր ջանքերը կուղղենք ընկերությունների խմբի բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման գործելակերպի բարելավման վրա՝ ապահովելով, որ կայունությունը լինի մեր գործունեության անկյունաքարերից մեկը»:

«Ամբեր Կապիտալի» կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը» մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամ է, որը գործարկվել է Հայաստանում 2020 թ․-ի հունվարին Եվրոպական միության (ԵՄ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի, Հիրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և Ամբեր կապիտալի ներդրումային թիմի միջոցներով: Հիմնադրամը հետագայում լրացուցիչ ներդրումներ է ներգրավել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից (ԱՆԻՖ), Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթից, Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկից (FMO) և Հայաստանի կառավարությունից, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ ներդրողներից՝ ընդհանուր կապիտալը հասցնելով շուրջ 60 մլն ԱՄՆ դոլարի։ Հիմնադրամի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի ՓՄՁ-ների կայուն աճը՝ կապիտալ ներդրումների և բնապահպանական, սոցիալական ու կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների կիրառման միջոցով:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում