Դեբետը՝ կրկին լցված վնասակար նյութերով (տեսանյութ)

Այսօր «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանն ահազանգել է Դեբեդ գետ լցված նյութի մասին՝ գրելով․ «Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդ գետի առափնյա Պտղավան և այլ գյուղի ֆերմերները ահազանգել են, որ սկսած առավոտվա ժամը 4-ից գետը ստացել է մոխրագույն երանգ և ակնհայտ է, որ գետին խառնվել են հանքարդյունաբերական թափոններ։

Գյուղացիները չեն կարողացել ոռոգել իրենց այգիները։

Վերջին շաբաթների ընթացքում այս իրավիճակը շարունակաբար կրկնվում է։ Հուլիսի 25--ին էլ ահազանգել էին Ճոճկան գյուղից, որ ֆերմերները առավոտվա ժամը 7-ից սպասում են, որպեսզի պոմպակայանը Դեբեդ գետից ջուր մղի դեպի դաշտեր, սակայն պոմպակայանի աշխատակիցները չեն մղել, սպասել են մինչև ժամի առավոտվա 10:00, որպեսզի ջորը մի փոքր պարզի և նոր սկսեն ջրամղման աշխատանքները ու այդպես շարունակվում է արդեն շաբաթներ։ Ակնհայտ է, որ թափոնները գետն են լցվում գիշեվա ժամերին։ Ես այսօր առավոտվանից մինչև հիմա անցել եմ գետի Ախթալա-Այրում տարածքը ընկնող հունով, ստուգել եմ աղտոտման, բոլոր հնարավոր աղբյուրները, սակայն բոլոր տեղերը ջրերը արդեն պարզված էին։ Հավանաբար արտահոսքը դեպի գետ սկսում է գիշերվա ժամը 1-2-ից հետո մարդկային գործոնով պայմանավորված և հատուկ։

Արդյունքում ինչ ունենք, վարկի տակ ճռնչող հարյուրավոր ֆերմերների, գյուղացիների բերքը փչանում և աղտոտվում է, ծառերը չորանում են, երեխաների և մարդկանց առողջությանը վնաս է հացվում»։

Ավելի ուշ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնեց, որ «Նահատակ» պոչամբարից արտահոսք է տեղի ունեցել։ 

Հաղորդագրությամբ ասվում է․ «Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Դեբեդ գետում նկատվել են արտադրական աղտոտման հետքեր։ Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. հուլիսի 27-ին ժամը 23։30-ի սահմաններում «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» պոչամբարի խողովակաշարի թիվ 3 թունելում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով առաջացել է արտահոսք դեպի Դեբեդ գետ։ Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը պարզվում է։ Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։ Վթարը վերացվել է հուլիսի 28-ին ժամը 14։00»։

Հիշեցնենք, որ Դեբեդ գետ լցվող տարատեսակ նութերի մասին ահազանգերը մշտական բնույթ են կրում։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում