«Կանաչ գիրք»․ կստեղծվեն կրթական մատչելի թվային նյութեր դպրոցականների համար

«Կանաչ գիրք» ծրագրի նպատակն է ստեղծել Հայաստանի էկոհամակարգերի, բնապահպանական խնդիրների, կլիմայի փոփոխության և ազդեցության մեղմման և հարմարվողականության վերաբերյալ կրթական արտադասարանային մատչելի թվային մոդուլներ դպրոցականների համար։ Օրերս տեղի է ունեցել ծրագրի մեկնարկային միջոցառումը։

Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակում և ֆինանսավորմամբ։ Ծրագրի գաղափարը մշակվել է և իրականացվելու է «Կանայք կլիմակում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից։

«Կանաչ գիրք» ծրագիրը մի կողմից ստեղծում է մատչելի, պարզ և համառոտ ուսումնական նյութեր, մյուս կողմից՝ ապահովում է այդ նյութերի հասանելիությունը բոլորին, ներառյալ մայրաքաղաքից հեռու գտնվող ուսումնական հաստատություններին, ուսուցիչներին, դպրոցականներին և այլ հետաքրքրված անհատներին։

Հիմք ընդունելով ՀԿ-ի կողմից նախկինում հաջողությամբ իրականացված «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» ծրագրի արդեն փորձարկված մեթոդաբանությունը՝ մոդուլների մշակումը և փորձարկումը հիմնված կլինի տեսական և գործնական վարժությունների և խաղերի վրա՝ ելնելով ուսուցման նախագծային և մասնակցային մեթոդներից։

Ծրագիրը ստեղծում է թվային մոդուլներ, որտեղ համադրվում են գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունը և շրջակա միջավայրի խնդիրները և լուծումները՝ սովորեցնելով աշակերտին էկոլոգիական հարցերին նայել որպես ամբողջական շղթայի մաս, այլ ոչ որպես առանձին գիտություն։

Կրթական/ուսումնական մինչև 1 ժամ տևողությամբ մոդուլներ

Ծրագրի իրականացման արդյունքում մշակվելու են կրթական տեսա- և ձայնային մոդուլներ միջին դպրոցի աշակերտների և դասավանդողների համար։ Մոդուլները մշակվելու են փորձագիտական խմբի կողմից, որի կազմում կներգրավվեն հայաստանյան, (ինչպես նաև միջազգային փորձագետներ) և միջին դասարաններում դասավանդող կենսաբանության, ֆիզիկայի և աշխարհագրության ուսուցիչներ։ Մասնակցային մեթոդների կիրառման միջոցով ստեղծված մոդուլները կփորձարկվեն դպրոցականների շրջանակում, կիրականացվի մոնիտորինգ և գնահատում։ Մոդուլները կուղարկվեն գնահատման և հաստատման ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առընթեր գործող «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում կստեղծվի երկրի էկոլոգիական կրթության ռազմավարությանը համահունչ և աջակցող ծրագիր և կտրամադրվի դպրոցներին, ուսուցիչներին։ Այս տարբերակով հնարավոր կլինի վերահսկել տրամադրվող և մատուցվող նյութի որակը և ստանդարտացնել այն։

Ծրագրի արդյունքում կստեղծվի նաև կրթական ռեսուրսների շտեմարան, որտեղ կներառվեն առկա ուսումնական ձեռնարկները, ինչպես օրինակ՝ «Կլիմայական արկղիկ» ուսումնական ձեռնարկը։ Դրանք հիմք կհանդիսանան պարզեցված, բայց միտքը փոխող և գործընթացները բացատրող մատչելի մոդուլների մշակմանը։

Թվայնացված մոդուլներ՝ հասանելի մի շարք բաց էլեկտրոնային հարթակներում

Մշակված մոդուլների հասանելությունն ու մատչելիությունն ապահովելու նպատակով, թիմը դրանք կթվայնացնի։ Կստեղծվի «Կանաչ գիրք» կոճակ, որը նախատեսվում է տեղադրել ոլորտային կառույցների կայքէջերում՝ հասանելի լինելով բոլորին։ Թվայնացման նպատակով համագործակցություններ կստեղծվեն և հուշագրեր կստորագրվեն մի շարք ոլորտային պետական, հասարակական և մասնավոր կառույցների հետ։

Խրախուսական «Կանաչ հերոս» սերտիֆիկատների տրամադրման ձևաչափ
Ակնկալվում է, որ դասընթացին մասնակից դպրոցականները, ուսուցիչները, ինչպես նաև այլ հետաքրքրված անհատները դասընթացն ավարտելուց և ոլորտային գործողություններ կամ ծրագրեր իրականացնելուց հետո կստանան «Կանաչ հերոս» էլեկտրոնային սերտիֆիկատ, որը խրախուսական նպատակներով տրվող սերտիֆիկատ է։

«Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ը հիմնադրվել է 2018թ․-ին, որի նպատակն է աջակցել և միավորել էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտներում գործունեություն ծավալող կանանց՝ հանուն կայուն զարգացման, աջակցել ոլորտի կանանց մասնագիտական և «կանաչ» հմտությունների զարգացմանը, մշակել, աջակցել և իրականացնել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման և հարմարվողականության զարգացման ծրագրեր, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածությունը ոլորտի զարգացումների, վերականգնվող էներգիայի օգտագործման և էներգախնայողության առավելությունների, առկա ֆինանսական գործիքների վերաբերյալ, կազմակերպել և անցկացնել սոցիալական, առողջապահական, կրթական, մարզական, բնապահպանական և այլ հասարակական նշանակություն ունեցող ծրագրեր և այլն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում