12 դիտարկում, թե ինչու պետք է մերժվի «Սագամար» ՓԲԸ հայտը

2022 թվականի հուլիսի 11-ին Լոռու մարզի Ուրասար, Ստեփանավան, Պուշկինո, Արջուտ, Նոր Խաչակապ և Արևաշող բնակավայրերում «Սագամար» ՓԲԸ կողմից իրականացվել է երկրաբանահետախուզական ուսումնասիրության ծրագրի, Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ առաջին հանրային քննարկումները։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ներկայացրել է 12 դիտարկում, որոնց առկայությունը, ըստ նրա, ցույց է տալիս, որ նախատեսվող երկրաբանահետախուզական աշխատանքների տվյալ ծրագրին պետք է տրվի բացասական եզրակացություն։

Վերջինս մասնավորապես գրել է․ «Հանրային քննարկումների գործընթացը կազմակերպվել է մի շարք ընթացակարգային խախտումներով և խնդրահարույց հանգամանքներով։

1. 2022 թվականի հունիսի 29-ին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տրվել էր հայտարարություն, «Սագամար» ՓԲԸ կողմից երկրաբանահետախուզական ուսումնասիրության ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ առաջին հանրային քննարկումների իրականացման վերաբերյալ։ Ըստ հայտարարության հանրային քննարկումներ պետք է իրականացվեին 6 բնակավայրերում, այն է Ուրասար (Ստեփանավան խոշորացված համայնք), Ստեփանավան (Ստեփանավան խոշորացված համայնք), Պուշկինո (Գյուլագարակ խոշորացված համայնք), Արջուտ (Փամբակ խոշորացված համայնք), Նոր Խաչակապ և Արևաշող (Սպիտակ խոշորացված համայնք) բնակավայրերում, սակայն վերջին պահին, առանց հանրային ծանուցման հայտնի դարձավ, որ Արևաշող բնակավայրը հանվել է այդ բնակավայրերի ցանկից։ «Սագամար» ՓԲԸ ներկայացուցիչները հարցին, թե ինչու է Արևաշողը դուրս եկել այդ ցանկից, պատասխանեցին, որ Արևաշողը այս փուլում դուրս է եկել իրենց հետաքրքրության շրջանակից և հետագայում այնտեղ քննարկումներ կիրականացվեն, թե ոչ՝ պարզ չէ։

Այդ հանգամանքը փաստում է այն մասին, որ նախատեսված հանրային քննարկումների գործընթացը շեղվել է նախնական պլանավորումից, ինչը տեղիք է տալիս մտածելու պլանավորման գործընթացի ոչ պատշաճ կազմակերպման և ազդակիր բնակավայրերի ընտրության չափանիշների ոչ ճշգրիտ և հիմնավոր լինելու մասին, ինչը ևս անվստահությունը ձևավորում է անվստահության մթնոլորտ ամբողջ գործընթացի նկատմամբ։

Փաստացի մյուս բնակավայրերում իրականացված քննարկումները արդեն իրականացվել են նախապես պլանավորվածից փոփոխված ծրագրով, այդ հանգամանքով պայմանավորված մյուս բնակավայրերում իրականացված հանրային քննարկումները չեն կարող դիտարկվել լեգիտիմ, և ընկերությունը գործընթացը իրականացնելու ցանկության դեպքում պետք է սկսի նոր գործընթաց նոր փաստաթղթերով ՝ ազդակիր բնակավայրերի հստակ տեղորոշմամբ։

2. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում 2022 թվականի հունիսի 29-ին տրված հայտարարության մեջ ազդակիր բնակավայրերը ներկայացված են որպես համայնքներ, այնինչ նրանք բնակավայրեր են, որոնք ներառված են խոշորացված Ստեփանավան, Գյուլագարակ, Փամբակ և Սպիտակ համայնքների կազմում, և այդ հայտարարության մեջ նշված համայնքները որպես համայնքային միավոր իրականում գոյություն չունեն և հանդիսանում են այլ անվանմամբ համայնքների բնակավայրեր։ Ըստ այդմ, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հայտարարությունը տրված է գոյություն չունեցող համայնքներում հանրային քննարկումների իրականացման վերաբերյալ, ինչը իրավական առումով չի կարող համարվել ազդակիր բնակավայրերում քննարկումներ իրականացնելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով տրված պատշաճ հայտարարություն, ինչպես նաև տեղիք է տալիս մտածելու, որ հայտարարություն տարածողները հստակ չեն տիրապետում այն տարածքի վարչատարածքային բաժանմանը, որտեղ նախատեսում են իրականացնել իրենց գործունեությունը, ինչը ևս իր հերթին ձևավորում է անվստահության մթնոլորտ ամբողջ գործընթացի վերաբերյալ։

3. Ստեփանավան խոշորացված համայնքի Ստեփանավան բնակավայրում նախատեսված քննարկումները չեղարկվեցին, քանզի Ստեփանավանի համայնքապետարանը պնդեց, որ տարածքը, որը ներկայացվող փաստաթղթերում նշվում է որպես Ստեփանավան բնակավայրի վարչական տարածք, իրականում Ստեփանավան խոշորացված համայնքի Արմանիս բնակավայրի վարչական տարածքն է, և Ստեփանավանը չի հանդիսանում տվյալ ծրագրի ազդակիր բնակավայր։

Արդյունքում Ստեփանավան համայնքի ՏԻՄ-ը մեկնարկած հանրային քննարկումները չեղյալ հայտարարեց։ «Սագամար»ՓԲԸ ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ կդիմեն ՀՀ Կադաստրի կոմիտե ճշգրտումներ իրականացնելու համար։

Նշված իրադարձությամբ ևս մեկ անգամ փաստվում է, որ հանրային քննարկումների գործընթացը շեղվել է իր նախնական պլանավորումից, և այն իրականացնելու ցանկության դեպքում ընկերությունը պետք է սկսի նոր գործընթաց՝ ազդակիր բնակավայրերի հստակ տեղորոշմամբ։ Ինքնին տվյալ հանգամանքը ևս նպաստում է ձեռնարկված գործընթացի նկատմամբ անվստահության մթնոլորտի ձևավորմանը։

4. Հանրային լսումներին մասնակցելու համար «Սագամար» ՓԲԸ -ն բոլոր բնակավայրեր մեկնում էր աջակիցների միևնույն, բավականին մեծ խմբով, ովքեր հնարավոր է հանդիսանում էին ընկերության աշխատակիցներ կամ ուղղակի աջակիցներ։ Այդ հանգամանքը, հնարավոր է, բնակավայրի բնակիչների վրա հոգեբանական ճնշում գործադրեր և խոչընդոտեր նրանց կողմից սեփական, մասնավորապես դեմ կարծիքների արտահայտմանը։ Հատկապես այն պարագայում, երբ դեմ կարծիքներից հետո ընկերության շրջիկ կողմնակիցներից ոմանք բոցաշունչ ելույթներ էին ունենում՝ պաշտպանելով ծրագիրը, վիրավորելով ՀԿ/ԶԼՄ ներկայացուցչներին (օրինակ, որ նրանք շահի համար են եկել, նրանք վճարվում են, վաղը գնալու են, բնակիչները ինչ են անելու առանց աշխատատեղեր և այլն), նման ճնշող մթնոլորտի պարագայում հնարավոր է ազդակիր բնակավայրերի բնակիչները չթիրախավորվելու համար ուղղակի լռեին։ Նման գործընթացը ևս նպաստում է ընդհանուր գործընթացի հանդեպ անվստահության մթնոլորտի ձևավորմանը։

5. Հանրային քննարկումները իրականացվեցին Ուրասար, Պուշկինո և Արջուտ բնակավայրերում։ Յուրաքանչյուր բնակավայրում քննարկումներին տեղացի բնակիչներից մասնակցել են 3-10 բնակիչ՝ ըստ տվյալ պահի դիտարկումների։ Ամենաշատը տեղի բնակիչներից մասնակցել են Ուրասարում, ամենաքիչը՝ Արջուտ բնակավայրում։ Քննարկումների հիմնական մասնակիցներն էին ժամանած ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչները և «Սագամար» ընկերության շրջիկ կողմնակիցները և ներկայացուցիչները։ Համայնքի բնակիչների ցածր մասնակցությունը պայմանավորված էր նաև իրազեկման ցածր մակարդակով, ինչը հանգեցրել է գործընթացի անարդյունավետությանը, չեն գործադրվել քաղաքացիների մասնակցության ապահովման մեխանիզմները։

6. Հանրային քննարկումները չեղարկվեցին նաև Նոր Խաչակապ բնակավայրում։
Հավաքված մասնակիցներն էին հիմնականում «Սագամար» ՓԲԸ-ի և ՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները և «Սագամար» ՓԲԸ-ի շրջիկ աջակիցները։ Նոր Խաչակապ բնակավայրից 3-4 մասնակից էր, որոնցից մեկը բնակավայրի վարչական ղեկավարն էր։ Ես տեղեկացրեցի ընկերության և այլ մասնակիցներին այն մասին, որ տվյալ հանրային քննարկումների վերաբերյալ համայնքում Սպիտակի ՏԻՄ-ի կողմից որևէ հայտարարություն չի տրվել ո՛չ պաշտոնական կայքով, ո՛չ էլ սոցիալական ցանցերով։ Ուստի համայնքի բնակիչները տեղեկացված չեն հանրային քննարկումների վերաբերյալ և իրականացվելիք հանրային քննարկումները չեն կարող լինել լեգիտիմ, ինչից հետո դրանք չեղյալ հայտարարվեցին։

7. Ըստ իմ կողմից իրականացված դիտարկումների՝ Արջուտ բնակավայրում հանրային քննարկումների վերաբերյալ հայտարարություն ևս չի տեղադրվել Փամբակ խոշորացված համայնքի պաշտոնական կայքում և սոցիալական ցանցի էջում։
Այդ հանգամանքի առկայությամբ ստացվում է, որ Արջուտ բնակավայրում իրականացված հանրային լսումները իրականացվել են պարտադիր ընթացակարգերի խախտմամբ և լեգիտիմ չեն։

8. Ստեփանավան և Գյուլագարակ համայնքներում հանրային քննարկումների վերաբերյալ հայտարարությունները պաշտոնական կայքերում և սոցիալական ցանցերում տեղադրվել են ընթացակարգերի խախտմամբ, նախատեսված ժամկետներից ուշ (Ստեփանավանում 3 աշխատանքային օր առաջ, Գյուլագարակում 5 աշխատանքային օր առաջ) ։

Ինչպես նշելեմ վերևը,Սպիտակ և Փամբակ համայնքների պաշտոնական կայքերում առհասարակ հայտարարություններ չեն տեղադրվել։

9. Ստեփանավան և Գյուլագարակ համայքներում հանրային քննարկումների վերաբերյալ տեղադրված հայտարարություններում բացակայում է տեղեկատվությունը, թե որտեղ և ինչպես կարող են քաղաքացիները ծանոթանալ երկրաբանահետախուզական ուսումնասիրության ծրագրի փաստաթղթերին, ինչպես նաև չի ծանուցվում քաղաքացիների կողմից առաջարկությունների և կարծիքների ներկայացման հնարավորության և վայրի մասին։

10. Նույնիսկ ցածր մասնակցության պայմաններում այն փոքրաթիվ բնակիչները, ովքեր ներկայացել էին լսումներին, հիմնականում դեմ կարծիք էին արտահայտում ծրագրի վերաբերյալ, շատ դեպքերում ոչ հանրայնորեն։

Քաղաքացիները նշում էին տվյալ տարածքի էկոլոգիական և գյուղատնտեսական կարևորության մասին, մասնավորապես արոտավայրերի և խոտհարքների առումով։ Ինչպես նաև նշում էին, որ տվյալ տարածքը կարևոր ջրահավաք ավազան է, որտեղ գոյանում են այն ջրերը, որոնք ապահովում են էկո-համակարգի կենսունակությունը։

11. Քանի որ ծրագրով նախատեսվող դիտարկման տարածքը շատ մեծ է, բնակավայրերի բնակիչների համար մնաց չպարզված, թե կոնկրետ որ կետերում և տարածքներում են նախատեսվում իրականացնել ուսումնասիրությունները։ «Սագամար» ՓԲԸ ներկայացուցիչները նշում էին, որ ուսումնասիրության վայրերը կընտրվեն ծրագրի ընթացքում դիտարկման տարածքի շրջանակներում։

12. Համայնքի բնակիչների համաձայնությունը ստանալու համար նախաձեռնողները հիմնականում շահագրգռում էին բնակիչներին իրենց բնակավայրում սոցիալական ծրագրերի իրականացման հնարավորություններով և աշխատատեղերի ստեղծմամբ, ինչը համայնքի բնակիչների հետ առևտրի մեջ մտնելու տպավորություն էր ստեղծում և շեղում ծրագրի իրականացման նպատակահարմարությունը քննարկելու ուղղությունից»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում