Կրակել են բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի տան վրա
«Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանն ահազանգել է իրեն և իր ընտանիքին սպառնացող վտանգի մասին։
Վերջինս գրել է․ «29.06.2022թ.-ին ժամը 00.30-ի սահմաններում մեր բնակարանի հյուրասենյակի պատուհանին ինձ անհայտ զենքից կրակոց է արձակվել, ինչի հետևանքով կոտրվել է պատուհանի ապակին և կրակված պարկուճը մտել է մեր բնակարանի հյուրասենյակ: Այդ դեպքի կապակցությամբ ես զանգահարել եմ ոստիկանություն՝ 102 հեռախոսահամարով, մեր բնակարան են այցելել ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, ովքեր կատարել են համապատասխան գործողություններ և իրենց հետ տարել են հայտնաբերված պարկուճը: Սակայն իմ և իմ ընտանիքի նկատմամբ կատարված հանցագործությունները սրանով չեն ավարտվում իրավապահ մարմինների կողմից, ըստ էության, գործուն միջոցներ չձեռնարկելու հետևանքով։
12.07.2022թ. ժամը 00.50-ի սահմաններում կրկնվեց արդեն երկրորդ կրակոցը մեր բնակարանի հյուրասենյակի պատուհանին, որի հետևանքով դարձյալ կոտրվեց պատուհանի ապակին, և կրակված պարկուճը մտավ մեր հյուրասենյակ՝ վնասելով նաև առաստաղը և պատը. դրանից հետո կրկին անմիջապես ահազանգել եմ ոստիկանություն:
Դրան նախորդել էր այլ իրադարձություն ևս. 2022 թվականի մարտի 8-ի լույս 9-ի գիշերը հրկիզել էին մեր տան մուտքի դուռը:
Ոստիկանները այս բոլոր գործողությունները որակում են որպես գույքի վնասում, այլ ոչ թե կյանքի դեմ ուղղված հանցագործություն:
Սակայն իրականում հանցագործությունները ես դիտարկում եմ մեկ միասնական շղթայի մեջ, բոլորն ուղղված են իմ և ընտանիքիս դեմ և կատարվել են միևնույն վայրում: Առավել ևս երկու՝ իրար հաջորդող կրակոցները ես չեմ կարող դիտարկել որպես պատահականություն:
Հատկանշական է, որ երկու դեպքերում էլ կրակոցների պահին, ես և մայրս գտնվել ենք մեր բնակարանում, և որևէ երաշխիք չի եղել, որ այդ կրակոցները չէին դառնալու մեր մահվան պատճառ, որից մենք փաստորեն խուսափել ենք միայն երջանիկ պատահականությամբ:
Այսինքն, ստացվում է, որ իմ և մորս նկատմամբ արդեն պարբերական բնույթ կրող կոնկրետ մահափորձեր են կատարվում, քանի որ նման պայմաններում այլ ողջամիտ կարծիք ունենալ չեմ կարող:
Պատկան մարմինը պարտավոր է հարուցել քրեական գործ կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներով, այլ ոչ թե ընդամենը գույքի:
Կատարված դեպքի առիթով դիմել ենք ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ Ոստիկանապետին պատշաճ իրավական գնահատական և արդյունավետ քննություն կատարելու պահանջով»: