Ահազանգ․ Yerevan park-ում կենդանիները տանջանքների են ենթարկվում (տեսանյութ)
Թեպետ հայտարարվեց, որ հայաստանյան կրկեսներում այլևս վայրի կենդանիներ չեն օգտագործվելու, սակայն կենդանիների շահագործումը և օգտագործումը կրկեսային համարներում, հատկապես՝ շրջիկ կրկեսներում, դեռ շարունակվում է։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ստացել է ահազանգ Երևան պարկ (Yerevan park) զվարճանքի կենտրոնում կրկեսային համարի մասին, որտեղ օգտագործվել են նաև վայրի կենդանիներ՝ կապիկ, օձ, կոկորդիլոս։
Մեր խմբագրությունը ստացել է տեսանյութեր, որտեղ կապիկը, օձն ու կոկորդիլոսը օգտագործվում են վարժեցնողի կողմից ներկաներին զվարճացնելու նպատակով, կենդանիներն անցնում են ձեռքից ձեռք, ներկաները դիպչում, քաշքշում են կենդանիներին, բղավում, ինչի հետևանքով կենդանիները ենթարկվում են սթրեսի և տանջանքների։ Այնուհետև ներկայացման ավարտից հետո օձն ու կոկորդիլոսը փակվել են պայուսակների մեջ և շպրտվել բեմի անկյունում, որտեղ բազմաթիվ երեխաներ դեռ շարունակում են վազվզել և զվարճանալ։
2022թ․-ին ուժի մեջ են մտել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնցով արգելվում է ՀՀ լիազորված մարմնի հաստատած ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսում։ Միևնույն ժամանակ, ՀՀ-ում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում ՀՀ կառավարության լիազորված պետական մարմնի իրավասությունն է կրկեսում օգտագործման համար արգելված վայրի կենդանիների ցանկի հաստատումը։
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացել է, որ ցանկը դեռևս չի հաստատվել, ինչպես նաև՝ այս պահին մշակվում են ենթաօրենսդրական ակտեր, որոնք նախատեսելու են նաև հստակ պատժամիջոցներ իրավախախտման դեպքում։
Այս պահին, սակայն, պատժամիջոցները սահմանված չեն, ինչն էլ, հավանաբար, ներկայացման կազմակերպիչներին թույլ է տվել շարունակել օգտագործել կենդանիներին որպես զվարճանքի միջոց։
Ընդգծենք, որ կրկեսներում վայրի կենդանիների օգտագործման արգելքի հեղինակները հանրային սեկտորից են և ներկայացրել են բազմաթիվ հիմնավորումներ, թե ինչու չի կարելի թույլ տալ կենդանիների նման շահագործումը։ Նախաձեռնության հեղինակներից Արևիկ Մկրտչյանը գրել է հատկապես կապիկների մասին․ «Կապիկների բոլոր ենթատեսակները խմբային կյանք են վարում՝ ապրում են մեծ ընտանիքներում, խմբերում, ենթախմբերում, ձևավորելով նույնիսկ հարեմներ: Այս խմբերում սոցիալական հարաբերությունները բավական բարդ են, իսկ հանրույթը՝ շերտավորված ըստ դոմինանտության աստիճանի, հստակ հիերարխիայով: Կրկեսներում ապրում են ընտանիքներից կտրված մեկական կենդանիներ, իսկ հազվադեպ պատահող նորածինների դեպքում մահացության միջակայքը կազմում է 25-45%՝ պայմանավորված սթրեսային միջավայրով, մոր կողմից ձագին խնամելուց հրաժարվելով և այլն:
Այսպիսի միջավայրներում ծնված, առանց ծնողի մեծացած շիմպանզեների միայն 30 %-ն է հետագայում կարողանում բազմանալ, իսկ ռեզուս մակակները երբեք չեն կարողանում դրսևորել տեսակին բնորոշ վարքագիծ՝ ողջ կյանքում խեղվածության որոշակի աստիճան ձեռքբերելով:
Կրկեսներում, որպես կանոն, չեն ապահովվում կենդանիների տարածքի օդափոխության, ջերմափոխանակման, ջերմակարգավորման համակարգեր, չի լինում հոսող ջուր, ինչը ճակատագրական կարող է լինել ջերմաստիճանային տատանումների նկատմամբ զգայուն կապիկների տեսակների համար»։
Նշված ներկայացման մեջ օգտագործվել է հենց ռեզուս մակակ տեսակի կապիկ, որն ի դեպ, վտանգ է պարունակում նաև մարդկանց համար։ Ռեզուս մակակ տեսակի կապիկը, ինչպես մակակների շատ տեսակներ, հանդիսանում են հերպես B վիրուսի կրողներ և փոխանցողներ։ Վիրուսի այս տեսակը չի վնասում կապիկներին, բայց կարող է շատ մեծ վնաս հասցնել մարդուն՝ անգամ մինչև մահ։ Օրինակ՝ 1997թ․-ին Yerkes պրիմատների ուսումնասիրության ազգային կենտրոնի հետազոտող Էլիզաբեթ Գրիֆինը մահացել է հենց այս վիրուսի պատճառով։
Այս տեսակի կապիկները հաճախ դրսևորում են ագրեսիվ վարք, ինչը դիտարկվել է Հնդկաստանում, հատկապես՝ անազատ պայմաններում, երբ կենդանին բանտարկված է կամ մարդու համար ծառայում է որպես զվարճանքի միջոց, նրա վարքի ագրեսիվ դրսևորումները կարող են սրվել։ 2018թ․-ին անգամ ողբերգական դեպք է գրանցվել Հնդկաստանում․ BBC-ն հայտնել է, որ Հնդկաստանի գյուղերից մեկում կապիկը գողացել է մանկահասակ երեխայի, որի դին ավելի ուշ գտել են հարակից ջրհորներից մեկում։ Մայրն ականատես է եղել երեխային տանելու պահին, սակայն չի կարողացել օգնել նրան։ Ինչպես նշում է աղբյուրը՝ թեպետ ռեզուս մակակ տեսակի կապիկները սննդի փնտրտուքի պատճառով հաճախ են մտնում մարդկանց տները, բայց այս դեպքն իսկապես արտասովոր է։