«Էս մաքուր մնացած Լոռվա անկյունում հանք չի կարող բացվել, չե՛նք թողնելու»

Լոռու մարզի Մարցիգետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ է նախատեսում իրականացնել «ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ընկերությունը։ 2022թ․ հունիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրի վարչական շենքում նախատեսվում է իրականացնել հանրային 1-ին լսումը։

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հիմնադիր անդամ, «Բարձունք» ՀԿ համահիմնադիր Գեղամ Օհանյանը նախատեսվող հանքի մասին գրառում է կատարել և լուսանկար հրապարակել․ «Սա Մարց գյուղն է։

Ես այս կանաչ դրախտում՝ Մոտկորի ձորում գնել եմ տուն և պատրաստվում եմ ներդրում անել զբոսաշրջությունը զարգացնելու մեջ։

Այսօր պատահմամբ իմացա, որ գյուղի վերևը ինչ-որ հանքի պեղումներ են արել և ուզում են ոսկի հանել։ 

Որտեղից որտեղ էլի հանդիպեցի ոսկեհենների հետ։

Հիմա ես չեմ կարծում, որ այս իրավիճակում տխրողը ես եմ լինելու։

Չեմ ճանաչում, բայց «Ջերմ» բարևներս հանքատերերին։

Որպես բարի, շատ բարի խորհուրդ, հենց այս պահից սկսած անիմաստ ներդրումներ մի արեք, էս մաքուր մնացած Լոռվա անկյունում հանք չի կարող բացվել։ Ուղղակի չենք թողնելու, ընկերներիս կիսումները, թող ձեզ փոքրիկ հուշում լինի»։

Հանրային լսման մասին հայտարարությամբ ասվում է․ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N1325-Նորոշմամբ սահմանված կարգի (այսուհետ Կարգ) համաձայն՝2022թ․ հունիսի 2-ին՝ ժամը12։00-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրի վարչական շենքի տարածքում կկայանա հանրային լսում։ Օրակարգում «ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ՍՊԸ նախաձեռնած ՀՀ Լոռու մարզի Մարցիգետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում (օգտական հանածոյի արդյունահանման նպատակով) երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ 1-ին քննարկումն է (լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ վերոնշյալ բնակավայրի վարչական գրասենյակում, Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), և ք․Երևան Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․՝ 011220218։ Դիտողություններ, առաջարկություններ կարելի է ներկայացնել՝ կարգով սահմանված ժամկետներում»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում