Հայաստանի ձկների ֆաունայի համար նոր տեսակ է հայտնաբերվել
«Michael Otto» բնապահպանական ֆոնդի ֆինանսավորմամբ իրականացվող «Ջրաճահճային տարածքների պահպանություն Արաքսի հովտում՝ համայնքային ներգրավվածությամբ» ծրագրի շրջանակներում Արարատի և Արմավիրի մարզում կատավող սողունաբանական և ձկնաբանական հետազոտություններն աստիճանաբար մոտենում են իրենց ավարտին:
Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից: Հաղորդագրությամբ ասվում է՝ հետազոտական աշխատանքներն իրականացվել են Արարատ և Արմավիր մարզերի մի քանի ջրաճահճային տարածքներում, ինչպիսիք են Հրազդան և Մեծամոր գետերը, տարածքում առկա ջրատարները, լճակները: Եռամսյա ուսումնասիրության արդյունքում հաջողվել է գրանցել 20 ձկնատեսակ: Կարևոր է նշել, որ այս շրջանում մասնագետներին հաջողվել է հայտնաբերել Հայաստանի ձկների ֆաունայի համար նոր տեսակ (Rhinogobius lindbergi), որը նախկինում մեր երկրում նկարագրված չի եղել: Այս մասին լրացուցիչ կներկայացնենք հետագայում: Բացի այդ, նկարագրված 20 տեսակներից մեկը՝ Հայկական կարմրակնը, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում որպես «Վտանգված» տեսակ, բացի այդ, այն համարվում է Հայաստանի էնդեմիկ:
Հայկական կարմակնի համար կարևոր ապրելավայրեր են հանդիսանում Մեծամոր գետը և դրա հետ կապված լճակներն ու ջրանցքները: Ցավոք պետք է նշել նաև, որ այս և մնացած բոլոր ջրային համակարգերը Արարատյան դաշտում գտնվում են անհանգստացնող վիճակում՝ իրենց աղտոտվածության և ջրային ռեժիմի անկանոն փոփոխությունների հետևանքով:
Արարատյան դաշտը համարվում է ամենախոցելի տարածքներից մեկը կլիմայի փոփոխության նկատմամբ, իսկ ջրային ռեսուրսների թույլ կառավարման արդյունքում այս երևույթը կարող է ավելի ակտիվանալ՝ վնասելով տարածքի կենսաբազնազանությանը, ինչպես նաև մարդկանց: