Ի վնաս բնության, ի շահ՝ տնտեսության․ ՇՄ նախարարությունը «շփոթել» է գործառույթները

Օրերս ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական  նախաձեռնությամբ, որի բնապահպանական նպատակ ունենալը կասկածելի է և առաջացրել է ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը։ Մայիսի 19-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն արժանացել է Հանձնաժողովի հավանությանը:

Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետում կատարել համապատասխան փոփոխություն․ «Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 30.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի «բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում» բառերը փոխարինել «բնության հատուկ պահպանվող տարածքներում» բառերով»։

«Բնության հատուկ պահանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը սահմանում է բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտի հասկացությունը, որն է` տարածք, որի ստեղծման նպատակն է սահմանափակել (մեղմացնել) բացասական մարդածին ներգործությունը բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի, կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների վրա։ 

Վերոնշյալ նախագծով, փաստացիորեն, նախատեսվում է թույլատրել ԲՀՊՏ բուֆերային գոտիներում փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) շահագործումը, քանի որ դրանք «ջրային ռեսուրսի քանակական փոփոխություններ չեն առաջացնում», ինչպես ասված է նախագծում։ 

Հիմնավորմամբ ասվում է․ «Սակայն հաշվի առնելով, որ փոքր հիդրոէլեկտրակայաններն իրենց շահագործման ընթացքում ջրային ռեսուրսի քանակական փոփոխություններ չեն առաջացնում, միաժամանակ, քանի որ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիների տարածքները նկարագրական ձևով են սահմանված և ներկայումս քարտեզագրական տվյալները հիմնականում բացակայում են, ինչպես նաև կարևորելով ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում հիդրոէներգետիկայի դերը, անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը կապահովի բնության հատուկ պահպանվող տարածքների արժեհամակարգի պահպանությունը և կնպաստի տնտեսության զարգացմանը»։ 

Միևնույն ժամանակ «Բնության հատուկ պահանվող տարածքների մասին» ՀՀ օրենք հոդված 20-ը սահմանում է․ «Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը»:

ՓՀԷԿ-երի վնասների մասին, հատկապես՝ տեղի կենսաբազմազանության վրա, խոսվել և բարձրաձայնվել է բազմիցս և ՇՄ նախարարության կողմից ներկայացված հիմնավորումն այն մասին, որ «փոքր հիդրոէլեկտրակայաններն իրենց շահագործման ընթացքում ջրային ռեսուրսի քանակական փոփոխություններ չեն առաջացնում» թերևս կարելի է համարել անհիմն։ Այս պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ խոսքը գնում է ՀՀ ԲՀՊՏ-ների մասին, որտեղ պահպանվում են կենսաբազմազանության յուրահատուկ նմուշներ և նշված գոտիներում ՓՀԷԿ-երի կառուցումն ու շահագործումը մեծ վտանգի տակ է դնելու պահպանվող հարուստ բնաշխարհի կայունությունը։ 

Ուշագրավ է, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում որպես տվյալ փոփոխության անհրաժեշտության հիմնավորում բերվում է նաև՝ «կնպաստի տնտեսության զարգացմանը» եզրույթը, ինչը կարծես թե չի մտնում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գործառույթների, նպատակների և առաքելության մեջ: Տնտեսության զարգացումը չի հանդիսանում Շրջակա միջավայրի նախարարության գերակա նպատակը, այլ՝ բնության պահպանությունը, կայուն զարգացումը և կառավարումը, ուստի, առաջին հերթին անհասկանալի է, թե ինչո՞ւ է բնության շահը պաշտպանել կոչված նախարարությունն տոգորված տնտեսության զարգացման գաղափարով։ 

Ըստ էության՝ կարելի է պնդել, որ առաջարկվող փոխությունը հակասում է «Բնության հատուկ պահանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ին, քանի որ պնդել, թե ՓՀԷԿ-երի շահագործումը վնաս չի հասցնի ԲՀՊՏ-ներին, չի կարելի։ 

Տվյալ օրենսդրական փոփոխության առաջին ընդդիմախոսներից է «Պահպանվող տարածքների աջակցում-Հայաստան» ծրագրի ազգային հարցերով պատասխանատու,  էկոլոգ-քիմիկոս Մարտիրոս Նալբանդյանը։ Վերջինս գրել է․ «Սա աղետալի հետևանքների է հանգեցնելու, տղե՛րք: Հուսամ դեռ ուշ չի, պարզապես խնդրում եմ առավել ողջամիտ գտնվել և հետագա ընթացք չտալ ու ձեռնպահ մնալ նախագիծը հաստատման ներկայացնելուց: Կամ պարզապես ետ կանչեք այդ նախագիծն Ազգային Ժողովից՝ անկախ թե ինչ կարգավիճակում կամ ինչ մակարդակում է այն քննարկվել-հաստատվել: Դուք պատկերացնո՞ւմ եք պահպանման գոտում, որը ԲՀՊՏ-ի տարածքով հոսող գետի ջրահավաք ավազանն է, կառուցվում է ՓՀԷԿ կամ որ ավելի վտանգավոր է՝ ՓՀԷԿ-ի ջրառ հանգույց։ Սա նշանակում է, որ թեև ԲՀՊՏ-ի տարածքում փաստացի ոչ մի գործունեություն չի իրականացվելու, սակայն ԲՀՊՏ-ով հոսող գետը կարող է ցամաքել՝ վատագույն դեպքում կամ ԲՀՊՏ-ի ջրային ռեժիմը խախտվելու է անխուսափելիորեն՝ լավագույն դեպքում, ինչն ի դեպ ԲՀՊՏ-ների մասին ՀՀ օրենքով արգելվում է:

Մարտիրոս Նալբանդյան

Այսպիսի մանիպուլյացիոն օրենսդրական կարգավորումն անթույլատրելի է: Ավելին ասեմ, էն որ փորձ է արվում մատուցել, թե իբր այս կարգավորմամբ...մեջբերում եմ՝ «Առաջարկվում է նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսել միայն այն դեպքում, երբ փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում» բացառապես անպետք է և նման անհրաժեշտություն չկա, քանի որ ԲՀՊՏ-ների մասին ՀՀ օրենքն ինքնին արգելում է ՓՀԷԿ-երի կառուցումը, չնայած ոչ բառացի, այլ պահպանության ռեժիմների սահմանմամբ: Տնտեսական զարգացումը խթանելու շատ այլ մեխանիզմներ կարելի է քննարկել, գտնել լուծումներ, բայց ոչ այս ձևով: Սա անթույլատրելի մոտեցում է: Այլ կերպ եթե փորձեմ բացատրել՝ սա կարգավորում է, որով Հայաստանի ԲՈԼՈՐ ԲՀՊՏ-ներին դատապարտում ենք դառնալ Թռչկան կամ Շաքի: Չեմ ուզում հավատալ, որ այս ամենը գիտակցելով եք նախաձեռնել այս օրենսդրական փոփոխությունը......»։

Մեկ այլ ընդդիմախոս, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության նախկին պետ Էդգար Փիրումյանը գրել է․ ««Ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի մշակումը չի բխում շրջակա միջավայրի նախարարության կանոնադրական գործառույթներից և հակասում է ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 1-ին հոդվածի և 4-րդ գլխի դրույթներին: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է օրենսդիր մարմինը հաստատելու այն»։

Խնդրին արձագանքել է նաև բնապահպան, ԲՀՊՏ ոլորտում մեծ փորձառություն ունեցող Արսեն Գասպարյանը՝ գրելով․ «Քիչ խնդիր ունենք ՓՀԷԿ-երի հետ հիմա էլ ԲՀՊՏ-ների բուֆերային գոտիներն եք բացում տնտեսվարողների համար: Այն, որ ԲՀՊՏ-ների բուֆերային գոտիները որոշ դեպքերում նորմալ սահմանված չեն կամ նույնիսկ եթե սահմանված են՝ անտերության են մատնված, դա հիմնավորում չէ, որ ջրային էկոհամակարգերը հավելյալ ճնշման ենթարկվեն: Անհասկանալի է, թե ու՞մ տնտեսական շահի համար է սա հանվում և ո՞ր ԲՀՊՏ-ի: Մի լրամշակեք, այլ հանե՛ք սա անընդունելի է: Փոխանակ մտածենք, թե ինչպես ԲՀՊՏ-ների սահմանների հետ կապված խնդիրները լուծենք, ՀՀ ԲՀՊՏ-ների մասին օրենքը բարեփոխենք, ընկել եք ՓՀԷԿ-երի շահերն եք պաշտպանու՞մ, որոնք ամբողջ ՀՀ-ով խնդիրներ են ստեղծել, ձկնանցումները չեն գործում, խաթարում էկոհամակարգերը և այլն...»։

Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և հիմնավորումը թերի են, հակասական ինչպես իրավական առումով, այնպես էլ գաղափարային։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կոչ է անում Շրջակա միջավայրի նախարարությանն առաջնորդվել է բնության պահպանության շահերով և գործել ի օգուտ բնության, այլ ոչ թե՝ «տնտեսության զարգացման», քանի որ առաջին հերթին «տնտեսության զարգացումը» չի հանդիսանում ՇՄ նախարարության կանոնադրական գործառույթը։

 

Լուսանկարը՝ Արգիճի գետը ՓՀԷԿ-ի ջրառից հետո, ՀԲՃ

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում