Զգուշացում ՀՀ կառավարությանը․ Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը՝ Ամուլսարի ծրագրի մասին
Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը հայտնում է․ «Էկոլուր կազմակերպությունն ու CEE Bankwatch-ը բողոք էին ներկայացրել Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն այն կապակցությամբ, որ Ամուլսարում ոսկու հանքի ծրագիրը խախտում է կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Ամուլսարի տարածքը ներառված է Բեռնի կոնվենցիայով նախատեսված «Էմերալդ» գոտում՝ այսինքն կենսաբազմազանության առումով արժեքավոր և պաշտպանության ենթական տարածք է:
Ապրիլի 30-ի պաշտոնական գրությամբ Կոնվենցիայի քարտուղարությունը շեշտում է, որ ՀՀ կառավարությունը հանքային ծրագրին համաձայնություն է տվել առանց պատշաճ գնահատելու տվյալ ծրագրի բացասական ազդեցությունը «Էմերալդ» գոտու (կամ թեկնածու գոտու) վրա: Քարտուղարությունն անհանգստություն է հայտնում Հայաստանի կողմից «Էմերալդ» ցանցի զգալի կրճատման կապակցությամբ և ՀՀ կառավարությանը հորդորում է ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել կոնվենցիայով պաշտպանվող կենսատեսակներին ու նրանց ապրելավայրերին: Թե՛ կառավարությունը, թե՛ բողոք բերող կողմերը հրավիրվում են զեկույցներ ներկայացնել մինչև 2021թ. սեպտեմբեր ամիսը, իսկ մինչ այդ կառավարությունը պարտավոր է հետևել Մշտական հանձնաժողովի No. 208 (2019) հանձնարարականին»:
Ընդգծենք, որ խոսքը գնում է «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի մասին, որի դրույթները խախտվել են Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ընթացքում։