Հայաստանում տանձենու վտանգված տեսակների պահպանության ծրագիր է մեկնարկում
Օրերս Երևանում տեղի ունեցավ «Տանձենու վտանգված տեսակների պահպանությունը և դրանց պոպուլյացիաների կենսունակության ապահովումը Հայաստանում» եռամյա ծրագրի մեկնարկի միջոցառման արարողությունը։ Ծրագիրն իրականացվում է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ կողմից «Ֆրանկլինիա» հիմնադրամի աջակցությամբ:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ նախագահ Սարգիս Աղայանը, ով ողջունելով ներկաներին կարևորեց համագործակցային հարաբերությունները և կատարվելիք աշխատանքները քննարկումը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվ․ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանը, ովքեր նույնպես ողջույնի խոսքով հանդես եկան։
Ինչպես և ներկայացվեց հանդիպմանը՝ ծրագրի նպատակն է ապահովել տանձենու գլոբալ վտանգված, Հայաստանի համար էնդեմիկ հինգ տեսակների պահպանությունը իրենց աճելավայրերում և նպաստել դրանց պոպուլյացիաների կենսունակության բարձրացմանը:
Ծրագրի թիրախային լանդշաֆտները գտնվում են Վայոց Ձորի մարզի Եղեգիս, Ջերմուկ և Զառիթափ խոշորացված համայնքների վարչական սահմաններում: Ծրագրի կառավարիչ Արեգ Կարապետյանը և ծրագրի բուսաբան Աննա Ասատրյանն ավելի մանրամասն ներկայացրեցին, արդեն իսկ կատարված ուսումնասիրություններից ավելի ծավալուն տեղեկություն՝ թիրախային վայրի տանձենիների տեսակները, դրանց վերականգման և պահպանման նախատեսվող միջոցառումների մասին։
Միջոցառմանը մասնակցում էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ ԲՈՒՀ-երից, գիտահետազոտական ինստիտուտներից, բնապահպանական տեղական ու միջազգային կազմակերպություններից։ Հանդիպման ավարտին տեղի ունեցավ քննարկում, ներկաները հանդես եկան հարց ու պատասխանով, ինչն ավելի արդյունավետ դարձրեց հանդիպումը։
Նշենք, որ ՀՀ բույսերի կարմիր գրքում են գրանցված տանձենի բարձր /Pyrus elata Rubtzov/, տանձենի Ֆյոդորովի / Pyrus theodorovi Mulk/, տանձենի Գրոսհեյմի /Pyrus grossheimii Fed/ տեսակները, որոնց սահմանափակող գործոններ են հանդիսանում՝ սահմանափակ տարածման և բնակության շրջանները, ինչպես նաև՝ կլիմայի գլոբալ փոփոխությունը: