«Ինվազիվ բուսատեսակների տարածումը վտանգավոր հետևանքներ կունենա»․ Կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրություն
Կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրությունը ներառում է նաև կենսաբազմազանության մասով նախատեսվող փոփոխությունների կանխատեսում։
Հաղորդագրությամբ մասնավորապես ասվում է․ «Կլիմայի փոփոխությունը կբերի կենսաբազմազանության փոփոխությունների: Այն զգալի ազդեցություն կունենա տեսակների ֆենոլոգիական և կենսաէկոլոգիական առանձնահատկությունների, ինչպես նաև տարածվածության վրա, կարող է հանգեցնել ոչ միայն տեղային էնդեմիկների, այլ նաև շատ այլ հազվագյուտ բուսական ու կենդանական տեսակների ոչնչացման:
Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ 452 բուսատեսակներից 239-ը կանխատեսվող կլիմայի փոփոխության պայմաններում էական փոփոխություն չի կրի, 139-ի համար կլիմայի փոփոխությունը կարող է հանդիսանալ դրական գործոն, նույնիսկ դրանք կարող են ընդլայնել իրենց տարածվածությունը հանրապետության տարածքում, միայն 74 բուսատեսակի (հիմնականում մերձալպյան և ալպյան գոտիների մեզոֆիլ տեսակների) համար կլիմայի փոփոխությունը կարող է հանդիսանալ շատ լուրջ սպառնալիք, ինչի արդյունքում այդ տեսակները կարող են վերանալ կամ վերացման եզրին հայտնվել:
Ընդհանուր առմամբ, տեղի կունենա քսերոֆիտացում, որը կբերի գոյություն ունեցող էկոհամակարգերի կառուցվածքի և տեսակային կազմի նշանակալի փոփոխության։ Բնական էկոհամակարգերին և կենսաբազմազանությանը սպառնացող վտանգների շարքում կարևորագույն տեղ է զբաղեցնում ինվազիվ բուսատեսակների տարածումը: Մասնավորապես, կանխատեսվել է ամբրոզիա օշինդրատերևի (Ambrosia artemisiifolia) տարածման մեծ պոտենցիալ, որը վտանգավոր հետևանքներ կունենա ինչպես բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, գյուղատնտեսության, այնպես էլ մարդու առողջության վրա»: