Լավ լուր․ Վանաձորում հայտնաբերվել է հազվագյուտ բուսատեսակի նոր պոպուլյացիա

Շրջակա միջավայրի նախարարությունը լավ լուր է հայտնել բոլոր բնասերների համար։ «Հայանտառ ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության Եղեգնուտի անտառպետության տարածքում հայտնաբերվել է կարմիր գրքում ընդգրկված Հապալասենի ճահճային տեսակի նոր պոպուլյացիա։

Հապալասենին աճում է ենթալպյան և ալպյան գոտիների ծ.մ. 2500-3300 մ բարձրությունների վրա»,- նշել է նախարարությունը։

ՀՀ բույսերի կարմիր գրքի տվյալների համաձայն՝ վտանգված տեսակ է: Հանրապետությունում ստույգ հայտնի են երկու պոպուլյացիաներ, որոնց տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Երկու լոկալիտետների միջև տարածությունը 160 կմ է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում գլխավորապես կլիմայի փոփոխության հետ կապված աճելավայրերի կորուստի պատճառով: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Տերևաթափ գետնատարած փռված թուփ՝ 30-60 սմ բարձրության: Տերևները՝ բաց կապտավուն կանաչ, մանր, մոտ 1 սմ երկարության: Ծաղիկները՝ համարյա նստադիր, 1-4-ական տերևների անութներում: Բաժակը՝ հնգատամ: Հատապտուղը կապույտ, հյութալի:

Հայաստանում հանդիպում է Գեղամի (Գռիձոր) և Վերին-Ախուրյանի (լեռ Ղուկասյան Մեծ) ֆլորիստիկական շրջաններում: AOO 12 քառ. կմ է: Լոկալիտետները՝ 2: Հայաստանից բացի աճում է Կենտրոնական և Հարավարևմտյան Անդրկովկասում, Եվրոպայում, Հյուսիսարևելյան Անատոլիայում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում և Հյուսիսային Ամերիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ․ աճում է ենթալպյան և ալպյան գոտիների ծ. մ. 2500-3300 մ բարձրությունների վրա, մարգագետիններում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ են հանդիսանում՝ սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի գլոբալ փոփոխություն: Պահպանության միջոցառումներ: Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում