«Կրկեսներում կապիկներն ամենաշատն են դաժան վերաբերմունքի արժանանում»․ Կրկեսն առանց կենդանիների

ՀՀ-ում մեկնարկել է ստորագրահավաք կրկեսում կենդանիների շահագործման դեմ։ Նախաձեռնության հեղինակներից Արևիկ Մկրտչյանը պարբերաբար ներկայացնում է հետաքրքիր հոդվածներ, որոնք ամբողջությամբ հիմնավորում են, թե ինչու կրկեսներում չպետք է լինեն կենդանիներ։ Ներկայացնում ենք տեղեկատվությունն ամբողջությամբ․ «Կապիկների բոլոր ենթատեսակները խմբային կյանք են վարում՝ ապրում են մեծ ընտանիքներում, խմբերում, ենթախմբերում, ձևավորելով նույնիսկ հարեմներ: Այս խմբերում սոցիալական հարաբերությունները բավական բարդ են, իսկ հանրույթը՝ շերտավորված ըստ դոմինանտության աստիճանի, հստակ հիերարխիայով: Կրկեսներում ապրում են ընտանիքներից կտրված մեկական կենդանիներ, իսկ հազվադեպ պատահող նորածինների դեպքում մահացության միջակայքը կազմում է 25-45%՝ պայմանավորված սթրեսային միջավայրով, մոր կողմից ձագին խնամելուց հրաժարվելով և այլն:

Այսպիսի միջավայրներում ծնված, առանց ծնողի մեծացած շիմպանզեների միայն 30 %-ն է հետագայում կարողանում բազմանալ, իսկ ռեզուս մակակները երբեք չեն կարողանում դրսևորել տեսակին բնորոշ վարքագիծ՝ ողջ կյանքում խեղվածության որոշակի աստիճան ձեռքբերելով:

Կրկեսներում, որպես կանոն, չեն ապահովվում կենդանիների տարածքի օդափոխության, ջերմափոխանակման, ջերմակարգավորման համակարգեր, չի լինում հոսող ջուր, ինչը ճակատագրական կարող է լինել ջերմաստիճանային տատանումների նկատմամբ զգայուն կապիկների տեսակների համար։

Ըստ դիտարկումների կրկեսներում կապիկներն ամենաշատն են դաժան վերաբերմունքի արժանանում վարժեցնողների կողմից. չեն կարող արձագանքել օրինակ վագրերի կամ առյուծների պես:

Կապիկները մշտապես շղթայված են լինում՝ փախուստը կամ ագրեսիվ վարքագիծը բացառելու համար: Կենդանիները հաճախ ճանկռում, կծում և անազատությունից փախուստի փորձեր են կատարում:

Կապիկները մարդուն փոխանցվող հիվանդությունների մեծամասնության կրողներն ու փոխանցողներն են՝ տուբերկուլյոզ, հեպատիտ Ա և Բ, հերպես վիրուս, ռոտավիրուս, կոկկեր, ծաղիկ, Էնդո և էկտոպարազիտներ, շիգելա, սալմոնելոզ, Էբոլա և այլն (շուրջ 80 անուն): Սրա պարզ բացատրությունը մարդու և կապիկի ԴՆԹ-ի նմանությունն է:

Մարդը, որպես homo sapiens տեսակ, պատկանում է պրիմատների ընտանիքին»։ 

Ստորագրահավաքին միացեք հղումով՝ https://bit.ly/3ceWbA5 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում