«Ձագերին ուտում էին»․․․ 20 տարվա բանտարկության սարսափները (ֆոտոշարք)

ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում են բանտարկված մնալ բազմաթիվ վայրի կենդանիներ, որոնց ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։ Հատկապես տարածված է ռեստորաններում, զվարճանքի կենտրոններում ճաղավանդակների հետևում վայրի կենդանիներ պահելը, ինչն արդեն տարիներ է, ինչ մերժվել է քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Մարդասեր և կենդանասեր հասարակությունը դեմ է արտահայտվում բարբարոսություն հիշեցնող այս սովորությանը։ 

«Աշտարակի ձոր» ռեստորան

Արդեն մի քանի տարի է, ինչ Վայրի բնության և մշակութային արժեքների պահանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվում է արջերի փրկության մեծ ծրագիրը, որի միջոցով Վայրի կենդանիների փրկարար կենտրոն են տեղափոխվել երկար տարիներ «բանտարկյալի կարգավիճակում» գտնվող և խեղված տասնյակ գորշ արջեր։ 

Օրերս, Արջերի փրկութան մեծ ծրագրի շրջանակներում 20 և ավելի տարվա բանտարկությունից ավելի լավ պայմաններ ապահովող ապաստարան են տեղափոխվել «Աշտարակի ձոր» ռեստորանում պահվող 3 գորշ արջերը։ Նախորդ տարվա ընթացքում բազմաթիվ ահազանգեր և տեսակետներ հնչեցին հենց այս գորշ արջերի վերաբերյալ, արտահատվեց նաև հայտնի երգիչ Սերժ Թանկյանը, սակայն ռեստորանի տնօրինությունն անդրդվելի էր․ արջերը պետք է մնան ռեստորանում։

Միայն 2020թ․-ի գարնանը, երբ մարդկությունը կանգնեց բնության կողմից նետված իրական մարտահրավերի առջև, համառ դիմադրությունը նահանջեց, հավանաբար նաև այն պատճառով, որ «սեփականատերն» այլևս ի վիճակի չէր պահել այդ կենդանիներին։ 

Երեք արջերից էգը՝ Մաշան, մյուս երկուսի մայրն է, իսկ երկու արուներին էլ անվանակոչել են Սաշա։ Մաշան արդեն ավելի քան 20 տարի է, ինչ բանտարկված է նույն տարածքում։ Վերջինիս ծնողները 1990-ական թվականներին տեղի օլիգարխներից մեկի՝ Կարեն Գևորգյանի /Ձորի Կարիկ/ թեթև ձեռքով հայտնվել են ռեստորանի տարածքում, այնուհետև՝ ծնվել է Մաշան։

Թե ինչպես են ծնվել մյուս երկու արու առանձնյակները դժվարացան կամ չցանկացան պատմել անգամ այս ամբողջ պատմությանն ականատես եղած խնամակալները։ 

Ինչևէ, վերջիններս կենդանիների կյանքից ցավալի դրվագներ պատմեցին․ տարիներ շարունակ միևնույն տարածքում բանտարկված մայրն ու երկու արուներն անկանոն բազմացել են, սակայն ծնված ձագերից ոչ մեկը չի ապրել։ Ըստ խնամակալների՝ ծնված ձագերը սպանվել են հասուն առանձնյակների կողմից․․․ նշեցին նաև, որ մեծ արջերն «ուտում էին ձագերին»։

Ծնված քոթոթները մահացել, սպանվել, թե՞ հայտնվել են որևէ այլ ռեստորանում, այսօր դժվար է ասել, քանի որ ոլորտի նկատմամբ գրեթե ամբողջությամբ բացակայում է պետական համակարգային վերահսկողությունը։ Ազգակցական խաչասերման /իմբրիդինգ/ արդյունքում ծնված քոթոթները հնարավոր է նաև, որ ունեցել են առողջական կամ գենետիկ խնդիրներ, ուստիև իսկապես չեն ապրել։ Սա այն երևույթներից է, ինչն առաջին հերթին անթույլատրելի է անազատ պայմաններում պահվող կենդանիների դեպքում։ 

Փրկարար գործողությանը մասնակից դարձած FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանին, ԲԸՏՄ Արագածոտնի տարածքային բաժնի պետ` Սողոմոն Գալստյանին, ներկա ոստիկաններին, մասնագետներին և EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի լրագրողին իր ներկայությունը «չշնորհեց» ռեստորանի ղեկավար կազմից և ոչ-ոք։ Միայն կենդանու խնամակալներն էին անհանգիստ աջ ու ձախ անում՝ փորձելով ինչ-որ կերպ աջակցել գործընթացին։

Կենդանիների խեղված ճակատագրի համար առաջնային մեղավորների ստվերն անգամ չէր երևում։ 

Հիշեցնենք, որ 2019թ․-ի հունիս ամսին հնչեցված բազմաթիվ ահազանգերից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ նշված ռեստորանային համալիրի տնօրինությունը ցանկանում է պահել կենդանիներին, ուստի վերջիններս քայլեր են ձեռնարկում անազատ պայմաններում վայրի կենդանի պահելու թույլտվությունը ստանալու ուղղությամբ։ Շրջակա միջավայրի նախարարությունն էլ հայտնել է, որ նախարարությունը «Աշտարակի Ձոր» ռեստորանային համալիրի տարածքում անազատ պայմաններում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն չի տրամադրել: Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրության համապատասխան՝ անհրաժեշտ օրինական թույլտվությունը հնարավոր կլինի ստանալ միայն «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ իրականացնելուց հետո։ 

Մաշան վերջին անգամ հղի է եղել հոկտեմբեր ամսին, իսկ թե ի՞նչ է եղել ձագերի հետ․․․ հավանաբար նույնը․․․ 

Ակնհայտ է, որ ոլորտում բարելավում արձանագրելու համար ՀՀ կառավարությանն անհրաժեշտ է համակարգային փոփոխություններ իրականացնել երկրում՝ առաջին հերթին ստեղծելով վայրի կենդանիների փրկության համար նախատեսված խոշոր կենտրոն։ Նման անհրաժեշտությունը պայմանավորված է հանգամանքով, որ տարիներ շարունակ անտարբերության մատնված խնդիրների հետևանքով այսօր ՀՀ-ում առկա են անազատ պայմաններում գտնվող բազմաթիվ կենդանիներ, որոնք վաղ թե ուշ ունենալու են պետական հոգածության կարիք։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում