Յուրաքանչյուր վաճառված ակնոցի դիմաց՝ մեկական ծառ, որպես փոխհատուցում բնությանը (ֆոտո)

«Greenifying The Homeland» բարեգործական ծառատունկ-ցուցահանդեսի շրջանակներում կտնկվեն 100-ից ավել ծառեր: Ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել ապրիլի 28-ին և այն կշարունակվի մինչև մայիսի 4-ը:

Twinz ընկերությունը, համագործակցելով «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՀԲԸՄ Հայաստանի հետ, կազմակերպել է առանձին ծառատեսակների և տնկիների ցուցադրություն-վաճառք՝ համադրված Twinz ապրանքանիշի հայկական արտադրության փայտե ձեռագործ ակնոցների ցուցադրություն-վաճառքի հետ: Միջոցառման փակման օրը տնկվելու են 104 ծառեր՝ ի հիշատակ ցեղասպանության 104-րդ տարելիցին: Ծառերից 84-ը տնկվելու են Գյումրու «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոնում: Մնացած ծառերը տնկվելու են Երևանում՝ Մաշտոցի պուրակում և Խաչքարերի պուրակում:

Twinz ընկերության հիմնադիր Բաբկեն Խաչատրյանն ասում է, որ բնության և շրջակա միջավայրի աղտոտվածության հանդեպ մտահոգությունը հանգեցրեց ցուցահանդեսի բնապահպանական միտմանը: Քանի որ Twinz ընկերությունը հանդիսանում է բնափայտ օգտագործող, ընկերությունը հարկ է համարում բնությանը փոխհատուցել: Սա է պատճառը, որ յուրաքանչյուր վաճառված ակնոցի դիմաց մեկական ծառ է տնկվելու:

«Էյ Թի Փի» հիմնադրամի տնօրեն Արթուր Հարությունյանի խոսքով՝ պետք է խրախուսել նման բնապահպանական միջոցառումները: Նա հայտնեց, որ ընդհանուր առմամբ ներկայացվել են յոթ տեսակի ծառեր՝ մշտադալար բույսեր, դեկորատիվ և պտղատու ծառեր, ինչպես նաև թփեր:

Հիմադրի խոսքով՝ Twinz-ն իր փայտե ակնոցներն արտադրում է որպես արվեստի նմուշներ, որոնք պատրաստված լինելով իտալական փայտից և գերմանական լինզաներից, եզակիության հետ մեկտող ապահովում են նաև դրանց բարձր որակը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում