«Հայանտառ» ՊՈԱԿ-ի նոր տնօրեն է նշանակվել
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Արեգ Կարապետյանը: Ինչպես տեղեկանում ենք պաշտոնական կայքէջից. «Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 1-ին կետի ա) ենթակետով հաստատված N 1 հավելվածը, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2018 թվականի նոյեմբերի 2-ի N 3 որոշման եզրակացությունը և Արեգ Կարապետյանի դիմումը՝ ԲՆ անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանի 03․ 11․ 2018 թվականի N 38-Ա հրամանի համաձայն Արեգ Մեսրոպի Կարապետյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն և սույն թվականի նոյեմբերի 5-ից զբաղեցնում է ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը»:
Նշենք, որ Արեգ Կարապետյանն անտառագետ է, հանդիսանում է «Փոխվիր, Աճիր, Դարձիր» հասարակական կազմակերպության համահիմնադիրը: Վերջինս աշխատել է նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամում (FPWC), որտեղ հանդիսացել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում անտառվերակագնման ծրագրերի համակարգողը։