Ովքեր են Սյունիքում նավթ և գազ որոնողները. նախկին «խաղացողները» վերադառնում են
Դեռ 2017թ.-ի սեպտեմբեր ամսին հայտնի դարձավ, որ մասնավոր ընկերությունը նախատեսում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացնել նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություններ: Այդ ընթացքում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ն ուսումնասիրություն իրականացնելու հայտը մերժվել էր փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու պատճառով:
Ինչպես տեղեկանում ենք Բնապահպանության նախարարությունից, օրերս նույն ընկերությունը՝ «Ագապե» ՍՊԸ-ն, Կապանում կիրականացնի հանրային լսումներ: ԲՆ հայտարարության մեջ ասվում է. ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. նոյեմբերի 5-ին ժամը 14:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի հանայնքապետարանի շենքում տեղի կունենան «Ագապե» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ տարածքի 6-րդ պայմանական տարածքում Կապանի համայնքում նախատեսվող նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում)»:
Այժմ արդեն հայտնի է, որ «Ագապե» ՍՊԸ աշխատանքների մասնակցում է նաև նախկինում Կապանի ոսկու հանքը շահագործող «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Վերջինս 2016թ.-ին վաճառեց ընկերությունը և հեռացավ Հայաստանից, սակայն վերջերս վերադարձել է Հայաստան և հանդիսանում է «Ագապե» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը: Հրաչ Ջաբրայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրելի ընկերներ, նոյեմբեր 5-ին, ժամը 14:00-ին Կապանի համայնքապետարանի նիստերու դահլիճում տեղի պիտի ունենա Armenian Gas and Power Enterprises (AGAPE) ընկերության Սյունիքի մարզի հետ կապված ծրագրերի ներկայացում, լսում.
այստեղ մանրամասն և թափանցիկօրեն պիտի ներկայացնենք ոչ միայն մեր աշխատանքային ծրագիրը, այլ նայև ընդհանուր պատկերը ընկերության ծրագրերի իրականացման...
քաջալերում եմ ներկայ գտնվեք ծանօթանալու մեր աշխատանքային ծրագրին...նայև անձամբ և մասնագետերու մասնակցությամբ կը պատասխանենք ձեր բոլոր հարցերին» /առանց խմբագրման/:
Հրաչ Ջաբրայան
Նշենք, որ վերջինս պատբերաբար ուշագրավ գրառումներ է կատարում սոցիալական հարթակի իր էջում՝ «բացահայտելով» մի շարք իրադարձություններ: Մասնավորապես, հունիս ամսին կատարած գրառումով, վերջինս պարզաբանում է, թե ինչն է եղել ՀՀ-ից հեռանալու պատճառը: Եվս մեկ գրառմամբ Հրաչ Ջաբրայանն անդրադարձ է կատարում նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ գրելով. «եթէ մէկը այս լաւ մարդուն տեսնայ, խնդրեմ յիշեցնեք, ան ինձ տակաւին 11,800,000 դրամ պարտք է...եղաւ 6 տարի...
ըսեմ որ այս գումարը եթէ կրնայ մէկը այս լաւ մարդէն գանցել, կէսը գանցողին պիտի տամ, միւս կէսն ալ կարիքավորներուն պիտի բաժնեմ...» /առանց խմբագրման/:
Այս գրառմանն արձագանքել է նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: ՝ գրելով. «Ես կփորձեմ հասկնալ խնդիրը եւ օգնել բայց կխնդրեմ եթե լուծվի ամբողջ գումարը տաս կարիքավորներու եղբայր եթե մտադրություն ունիս մեկ մասը արդեն տալու: Կամ կրնանք հետաքրքրական, sustainable, social ծրագիր մը իրականացնել»:
Համացանցում ուսումնասիրելով որոշ մեկնաբանություններ, պարզ է դառնում, որ արդեն կան քաղաքացիներ, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում վերոնշյալ «Ագապե» ՍՊԸ կողմից նավթ և գազ փնտրելու գործընթացի նկատմամբ:
Ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Ագապե» ՍՊԸ հիմնադիրներն են կանադական Գրեմ Սկոթ Ջոնսոնը և «Արմենիան Գազ ընդ Փաուեր Ինտեր. Ինք.» ԲԲԸ-ը: Գրեմ Ջոնսոնն ընկերության գործադիր նախագահն ու հիմնադիրն է:
Ինչպես տեղեկանում ենք «Ագապե» ՍՊԸ պաշտոնական կայքէջից, «AGAPE Հայաստան» տնօրենը Ներսես Կարամանուկյանն է, ով ևս ուշագրավ աշխատանքային փորձ ունի: Վերջինիս կենսագրության մեջ նշվում է. « ...եղել է հայկական երկու խոշոր՝ Արդշին և Անելիք բանկերի գլխավոր գործադիր տնօրենը, Լիդիան Ինտերնացոնալի Կովկասյան տարածաշրջանային տնօրենը»: Հավելենք, որ Կարամանուկյանը 2011-2012թթ. հանդիսացել է տարածաշրջանում «Lydian International» ընկերության գործադիր տնօրեն: Մասնավորապես, վերջինս Վրաստանում հանդես է եկել որպես «Lydian International» ընկերության լիազոր ներկայացուցիչ: Նշված ընկերությունը հանքարդյունաբերական ծրագիր ուներ նաև Վրաստանի Չոխատաուրի շրջանի Զոտի գյուղի վարչական տարածքում, սակայն այս ծրագիրը տապալվեց ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով:
Ներսես Կարամանուկյան
Ընկերության կայքէջում գտանք նաև հետևյալ տեղեկատվությունը. «Ընկերության գլխավոր ակտիվն է Հայաստանի տարածքի համարյա կեսն ընդգրկող կոնցեսիոն պայմանագրերը, որոնք հնարավորություն են տալիս կատարել ածխաջրածինների պաշարների հետախուզում աշխարհում մնացած վերջին քիչ հետախուզված մերձափնյա ավազաններից մեկում։
Հայաստանի ածխաջրածնի պաշարներն ասում են, թե անտեսվել են, չնայած այն փաստին, որ Հայաստանի հարևան երկրներն են` Իրանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Թուքիան, որոնք միասին վերցված արդյունահանում են միլիարդավոր բարել նավթ ու տրիլիոնավոր խորանարդ մետր գազ և գտնվում են մի տարածքում, որը համարվում է նավթարդյունաբերության ծննդավայրերից մեկը։ Ներկայումս Հայաստանը գրեթե իր ողջ ածխաջրածնային պաշարները ներմուծում է գազատարի միջոցով Ռուսաստանից ու Իրանից, իր շուկայում տեղը պատրաստ թողնելով տեղական պաշարների համար»:
Ըստ նույն աղբյուրի՝ «Ագապե» ՍՊԸ Մոնրեալում հիմնված կանադական մասնավոր ընկերություն է, իրավախորհրդատու՝ «McMillan» LLC, բանկ՝ «Canadian Imperial Bank of Commerce», աուդիտ՝ «KPMG LLP» (Կանադա):
Շարունակելի...
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: