Անհասկանալի և անընդունելի կետեր՝ Ամուլսարի ծրագրում. աշխատանքային խմբի կարծիք /Հարություն Մովսիսյան/
Ինչպես հայտնել ենք, օրերս ավարտվել են Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի ուսումնասիրությունները: Աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնել է խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները վարչապետի աշխատակազմ ներկայացնելու մասին: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ևս մասնակից է եղել աշխատանքային խմբի գործունեությանը:
Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները խմբագրությունը կհրապարակի անհատական:
Ներկայացնում ենք ԵՊՀ Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ, Կայուն զարգացման կենտրոնի (ԵՊՀ) փորձագետ, Երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հարություն Մովսիսյանի կարծիքը ՀՀ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի որոշ հարցադրումների վերաբերյալ:
Հարություն Մովսիսյանի մասնագիտական կարծիքն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:
Առաձնացնենք մի քանի հատված Հարություն Մովսիսյանի եզրակացությունից. «Հանքային մարմնի ձևաչափը, ոսկու տեղաբաշխման առանձնահատկությունները բաժնում առանձին պարբերությամբ (Հաշվետվություն 2008, Հ.1, էջ 48) անդրադարձ է կատարված ուղեկից տարրերին, նշելով, որ երկրաքիմիական բազմատար հետազոտությունների արդյունքում պարզվել է ոսկու բարձր պարունակություններին ուղեկցող Ag (1-4 գ/տ), Cu, As, Sb, Bi, Pb, Mo, Ba տարրերը: Էրատո տեղամասում իրականացված երկրաբանահետախուզական աշխատանքների բնութագրում նշվում է ISP մեթոդով Al, As, Ba, Be, Bi, Ca, Cd, Co, Cr, Cu, Fe, K, Mg, Mn, Mo, Na, Ni, P, Pb, S, Sb, Sr, Ti, V, W, Zn տարրերի համար շարքային նմուշների լաբորատոր վերլուծությունների մասին (Հաշվետվություն 2013, Հ.1, էջ 51): Սակայն նշված և ուսումնասիրված այլ տարրերի պարունակությունների թեկուզ տատանման սահմանների, դրանց նշանակության գնահատման մասին ոչինչ առկա չէ: Ուղեկից տարրերի լաբորատոր հետազոտությունների արդյունքները պատշաճ ձևով ամրագրված են ընկերությունում վարվող նմուշարկման մատյաններում, որոնք ցավոք լիազոր մարմնի պահանջի բացակայությամբ, առնվազն որպես լրացում չեն ավելացվել ներկայացված հաշվետվությունների հավելվածներին»:
Վերջինս նաև գրում է. «Անհասկանալի և անընդունելի է հեղինակների կողմից հաշվետվության մեջ միայն մակերևույթային հետախուզափորվածքների նմուշարկման մատյանից շարքային նմուշների անալիզների արդյունքների քաղվածքի ներկայացումը, որտեղ երևում են ուղեկից տարրերի մասով արված ուսումնասիրությունները (Հաշվետվություն 2008, Հ.1, Հավելված 7): Նույն սկզբունքով հեղինակները հաշվետվության հավելվածում կարող էին ներկայացնել քաղվածք հորատանքերի նմուշների անալիզի արդյունքներից՝ ուղեկից տարրերի բազվածքով»:
Գնահատելով հանքավայրի բարդության աստիճանը՝ Հարություն Մովսիսյանը գրում է. «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքայնացումը ներկայացված է երակիկացանավոր հանքայնացմամբ մեծ չափերի շտոկվերկային հանքային մարմիններով: Նման տիպի հանքայնացմամբ և հանքային մարմիններով ներկայացված հանքավայրերը սովորաբար դասվում են երկրաբանական բարդության երկրորդ խմբին: Սակայն հաշվի առնելով Ամուլսարի հանքավայրում օգտակար բաղադրիչի պարունակության բաշխվածությունը՝ որակի փոփոխականության աստիճանը (շատ անհավասարաչափ, այլ ոչ թե անհավասարաչ, ինչպես նշում են հեղինակները), հանքավայրը ճիշտ է դասել երրորդ՝ շատ բարդ երկրաբանական կառուցվածք ունեցող հանքավայրերի խմբին: Հանքավայրում ոսկու պարունակությունների տատանման (վարիացիայի) գործակիցը տատանվում է մեծ սահմաններում՝ միջինում կազմելով 150%: Երրորդ խմբի բարդության աստիճան ունեցող հանքավայրերի պաշարները, գործող կանոնակարգերով, ընդունված է հաշվարկել C1 և C2 կարգերով (տե՛ս Որոշում 274-Ն)»:
Հարություն Մովսիսյանի մասնագիտական կարծիքն ամբողջությամբ կարդացեք այս հղումով: