Ալավերդու պղնձաձուլական գործարանի վնասակար արտանետումներն անձրևի հետ լցվել են քաղաք (ֆոտո)
Բնապահպանության նախարարությունը և տեսչական մարմինը արձագանքել են ալավերդցիների ահազանգին: Էլեկտրոնային մամուլով ահազանգ էր տարածվել, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի ծխնելույզից դուրս եկող արտադրական ծուխը լցվել է քաղաք: Բնապահպանության նախարարությունն ահազանգի մասին անմիջապես տեղյակ է պահել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ ստեղծված իրավիճակի պատճառներն պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Այս մասին հայտնում է Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից Բնապահպանության նախարարությանը հայտնել են, որ տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն անմիջապես եղել են դեպքի վայրում, և արձանագրել անձրևի և խոնավության հետ արտանետման համադրություն: Տեսչական մարմնի աշխատակիցները հանդիպել են ընկերության պատասխանատուների հետ, ովքեր հիմնավորել են, որ տեխնիկապես չեն կարող արտադրական ցիկլը կանգնեցնել, բայց պարտավորվել են ժամանակավոր նվազեցնել արտադրական ծավալները:
Լուսանկարները՝ Համայնքային համախմբման ու աջակցության կենտրոնի տնօրեն Օլեգ Դուլգարյանի էջից: