70-ամյա Ժորա պապիկը 15 տարի շարունակ կարմրախայտի մանրաձուկ է լցրել Որոտան գետը

70-ամյա Ժորա Համբարձումյանը տարիներ շարունակ կարմրախայտի մանրաձուկ է բաց թողել Որոտան գետը առանց որևէ շահ ակնկալելու: Ժորա պապիկն արդեն 15 տարուց ավել է, ինչ անգնահատելի ներդրում ունի բնության վերականգնման գործում: Տան պայմաններում ստանալով կարմրախայտի մանրաձուկ, վերջինս այն ուղղակի բաց է թողնում գետ: Վերջերս EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հանդիպում ունեցավ Ժորա Համբարձումյանի հետ, ում նաև բնապահպանության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար շնորհվեց շնորհակալագիր Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի կողմից:

«Սկզբից մենք եղբորս հետ տանը ստանում էինք կարմրախայտի մանրաձուկ և տանում լցնում էինք Որոտան գետը, որովհետև գետը շատ էր տուժել՝ ձկնագողերը մի կողմից, անխնա օգտագործումը մյուս կողմից: Մենք որոշել էինք միասին Որոտան գետ ձուկ լցնել: Հետագայում, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը լսել էր, որ այսպիսի գործողություններ ենք կատարում: Եկան, տեսան, որ իրոք մենք տանը ստանում ենք մանրաձուկը, տանում լցնում Որոտան գետը: Դրանից հետո նոր ծրագիր առաջարկեցին, մենք էլ ներկայացրեցինք ու մեր ծրագիրը շահեց: Հիմա, արդեն տարեկան 15-20 հազար մանրաձուկ բաց ենք թողնում Որոտան գետը»,- պատմում է Ժորա պապիկը:

Ժորա Համբարձումյանը մեզ հետ զրույցում համեստորեն ասաց, որ նկարահանումներն իրեն այդքան էլ չեն հետաքրքրում՝ «կարևորն այն է, որ Որոտան գետում ձուկը չվերջանա, ոչ թե չպակասի, այլ՝ չվերջանա»:

70-ամյա ձկնաբույծը մանրամասնորեն ներկայացրեց մանրաձուկ ստանալու իրենց տեխնոլոգիան. «Ձեռք ենք բերել մայրական կազմ, սեզոնը որ գալիս է, կթում ենք՝ ձկնկիթը ստանում ենք, արուներից էլ սերմնահեղուկը խառնում ենք համապատասխան տարրաների մեջ, հետո լցնում ենք իրանց ապարատների մեջ ու դնում ենք վաննա: 40-45 օր հետո դուրս է գալիս մանրաձուկը: Սկզբում այս ամենը մենք պատրաստել ենք տանը, իսկ հիմա Որոտանի ափին փոքր ձկնաբուծարան ենք սարքել, հենց տեղում ստանում ենք, մեծացնում ենք մինչև 5-6 գրամանոց ձուկ ենք դարձնում ու լցնում ենք գետը: 

ՄԱԿ-ը սկզբից ֆինանսավորել է, որ ինկուբատոր սարքենք ու ձեռք բերենք համապատասխան սարքավորումներ, ջուրը տեղ հասցնենք: Մենք իշխան ձուկ էլ ենք աճացնում, վաճառում ենք, որպեսզի գոնե ծախսը կարողանանք հոգալ»:

Ժորա Համբարձումյանը մասնագիտությամբ մանկավարժ է, 40 տարի աշխարհագրություն և բնապահպանություն է դասավանդել: Ինչպես պնդում է Ժորա պապիկը, սերը բնության հանդեպ դեռ մանկուց է եղել, այն անցել է Որոտան գետի ափին: «Ճիշտն ասած, Որոտան գետից ես սկզբում շատ-շատ ձուկ եմ բռնել... հիմա էլ պարտքերս եմ վերադարձնում»,- կիսակատակ ասում է նա:

«Պետք է անպայման Որոտան գետը ձկներով հարստացնել, որովհետև դա միայն ինձ չէ պետք, շատ շատերին է պետք... ոչ թե միայն սնունդի համար, այլ գեղեցկություն է: Մի հատ որ կարմրախայտ ես բռնում... մի հատ պետք է բռնեք, որ զգաք այդ հաճույքը: Ես գոհ եմ, որ ուշադրության արժանանում է մեր գործունեությունը, ավելի է պարտավորեցնում: Իմ կարծիքով, ամեն մարդ պետք է զգա, որ իր գոյությունը բացի իր անմիջական ծնողներից, հողի ու ջրի արդյունքն է: Յուրաքանչյուր մարդ պարտավոր է անպայման հետք թողնել իր հողի, ջրի վրա: Այսինքն, փորձի օգտակար լինել, մի բանով հարստացնել»,- եզրափակեց նա: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում