«Արփի լիճ» ազգային պարկում տարվում են էկոտուրիզմի զարգացման աշխատանքներ
![](https://econews.am/disk/22-11-17/7ea7d2747e846ee70b14f1e092cf16f5.jpg)
«Կոմպասս» գիտահետազոտական կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն ձեռնամուխ է եղել «Արփի լիճ» ազգային պարկի՝ որպես էկոտուրիստական գոտու զարգացմանը և 2017թ. հուլիսից իրականացնում է «Էկոպարկ» ծրագիրը:
«Կոմպասս» գիտահետազոտական կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Ղարիբ Հարությունյանը նշում է, որ աշխատանքային թիմը նախ տեղում ծանոթացել է «Արփի» ազգային պարկի էկոտուրիզմի զարգացման հնարավորություններին ու ներուժին: Բացահայտվել և գնահատվել է ազգային պարկի զբոսաշրջային ներուժը: Տուրիզմի, բնապահպանության և հարակից ոլորտների փորձագետների մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում, բացահայտվել են պարկի՝ ծառայություններ առաջարկելու հնարավորությունները, և մշակվել են նոր ապրանքների ու ծառայությունների փաթեթներ: Արդյունքում կազմվել է ազգային պարկում էկոտուրիզմի ներուժի հնարավորությունների մասին փաստաթուղթ, ինչն էլ հետագայում հիմք է ծառայել ծրագրի մարքետինգային թիմի համար մատուցվող ծառայությունների մշակման հարցում:
Ծրագրի շրջանակներում հանդիպումներ են կայացել նաև Ենոքավանում, որտեղ իրականացվել է փորձի փոխանակում, քննարկումներ՝ բնական հանգստի կազմակերպման տարբերակների, ինչպես նաև տարածքը զբոսաշրջային կենտրոն դարձնելու գործընթացի վերաբերյալ:
Առաջարկվող 15 ծառայությունների հիման վրա էլ կազմվել է ծառայությունների փաթեթ, ինչպես նաև մշակվել է պարկի մարքեթինգային ռազմավարությունը: Ղարիբ Հարությունյանն առանձնացնում է ծառայություններից մի քանիսը՝ այստեղ կարելի է անցկացնել թռչնադիտում, մանավանդ որ այս տարածքում կան Կարմիր գրքում գրանցված թռչուններ։ Շատ զբոսաշրջիկների կարող է հետաքրքրել ավտոէքստրիմը, քայլարշավները Արփի լճի շրջակայքում, դեպի մոտակա բնակավայրերի հնավայրեր և այլն։ Նշենք, որ տարեկան 800-1000 այցելու է գալիս Արփի լճի տարածք։ Ընդհանուր թվի 10-15 տոկոսն օտարերկրյա այցելուներն են։
Պատրաստված փաթեթը ներկայացվել է տուրիստական ընկերություններին, հյուրանոցներին։ Հետազոտության հիման վրա կազմվել է նաև տեղեկագիրք, որի տպագրված օրինակները տարածվել են համագործակից 40 տուրիստական ընկերությունների և հյուրանոցների շրջանում: Առկա է նաև տեղեկագրքի էլեկտրոնային տարբերակը, որը կտարածվի նաև համացանցում:
Նշենք, որ «Էկոպարկ» ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/26-11-22/663dd641b4f4b9308026c1abed836ff1.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/04-10-22/4a3536fc02a856929a0afb44821c5e8b.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/30-08-22/3da49850f02c4bb6bb2fc68ef52eb0fe.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-07-22/ab769a815945486c4fed49b662a2cbf7.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/15-07-22/4794098bbb8f0c6591379e98d57f71c2.jpg&w=300&h=200)