Այս տարի աննախադեպ անձրևներ են, գրեթե ամեն օր անձրև է գալիս, նման բան չէր եղել

Ճշտվում է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում հուլիսի 6-ին հեղեղումների հետևանքով հասցված վնասի չափը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ապարանքի փոխքաղաքապետ Ժորա Երեմյանը, վնասի չափը ճշտելու համար ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը տեղում աշխատում է:

«Հուլիսի 6-ին ամբողջ օրը զբաղված էինք ջրի հունը փոխելով, այսօր նոր կարողանում ենք դեպքի վայրում լինել` գնահատելու, թե ինչ է տեղի ունեցել, ինչ վնաս է հասցվել: Սելավատարերն ամբողջությամբ լցվել էին, և դրանց տարողունակությունը այլևս չէր բավականացնում, հետևաբար ջուրը հոսել է քաղաք ու լցվել բնակելի տները»,-ասաց Ժորա Երեմյանը:

Թեպետ հանձնաժողովը դեռ արձանագրում է վնասը, սակայն Ժորա Երեմյանը փոխանցեց, որ և’ բնակիչներն են տուժել, և’ ենթակառուցվածքներն են վնասվել:

Մասնավորապես` բնակիչների տները, այգիները, հողամասերը, բերքը, գոմերում եղած անասունները: Դրանից բացի, որոշ տեղերում վնասվել են փողոցները:

«Ահավոր հորդառատ անձրև էր: Այս տարի աննախադեպ անձրևներ են, գրեթե ամեն օր անձրև է գալիս, նման բան չէր եղել: Երեք ամիս է անձրև է գալիս: Այնպիսի իրավիճակ է, որ հողը ներծծելու տեղ էլ չունի, որ եկած ջուրը վերցնի, թեկուզ 10 րոպե էլ անձրև է գալիս, եկած անձրևը հողի մակերեսով հոսում է: Իմ կարծիքով, նորմայից ավելի անձրև է եկել»,-ասաց փոխքաղաքապետը:

Նշենք, որ Ապարանում հեղեղումներից հասցված վնասի չափը պարզ կլինի առաջիկա օրերին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում