Էկոլոգիապես մաքուր սնունդ հնարավոր չէ ստանալ էկոլոգիապես ոչ մաքուր միջավայրում

ՀՀ-ում արտադրվող  մի շարք  ապրանքների վրա վերջերս հայտնվել է  “էկոլոգիապես մաքուր” գրավիչ արտահայտությունը, չնայած  ապրանքատեսակի գինը դրանից գրեթե չի փոխվել: Մինչդեռ ամբողջ աշխարհում  իսկապես  էկոլոգիապես մաքուր  սննդի գինը մի քանի անգամ գերազանցում է  էկոլոգիապես  ոչ մաքուր արտադրանքի արժեքը:

Շրջելով   երևանյան   սննդի  կետերով`  նկատեցինք, որ վաճառվող սննդամթերքները չեն համապատասխանում էկոլոգիապես մաքուր սննդի  չափանիշներին:  Վաճառակետերում  վաճառում են “փոշում կորած” սնունդ, սակայն երբ  վաճառողից բացատրություն ենք պահանջում, թե ինչու է վաճառվող սնունդը գտնվում այդ վիճակում, պատասխան է հնչում. “Արագորեն սպառվում է, ծածկելու կարիք չկա”:  Ի դեպ, մեր երկարատև զրույցի ընթացքում  “էկոլոգիապես մաքուր” սնունդը այդպես էլ մնաց  վաճառասեղանին`  սպասելով իր սպառողին:

Էկոլոգիապես մաքուր  համարվող  սնունդը պետք է համապատասխանի բազմաթիվ չափանիշների, որոնցից ամենակարևորները և համազգայինները  “Econews”-ի հետ զրույցում  առանձնացրեց  ԵՊՀ էկոլոգիայի և բնության  պահպանության ամբիոնի լաբորատորիայի  վարիչ Աստղիկ Դանիելյանը. “Էկոլոգիապես մաքուր սնունդն  այն է, երբ  վերջնական արտադրանք ստանալու ամբողջ ընթացքում պահպանվում են էկոլոգիական բոլոր նորմերը: Էկոլոգիապես մաքուր սնունդը չի պարունակում  իր մեջ այնպիսի վնասակար նյութեր,  որոնք թողնում են բացասական ազդեցություն  մարդու առողջության վրա:  Դրանց ստացման համար  չեն  կիրառվում  քիմիական միացություններ, քիմիական ծագման պարարտանյութեր, թունաքիմիկատներ: Էկոլոգիապես մաքուր սնունդ ստանալու համար պետք է հաշվի առնել նաև  աճեցման տեղը, օդի մաքրությունը,  ոռոգման ջրերի քիմիական կազմը,  արդյունաբերական  ազդեցության գոտուց հեռավորությունը: Բացի աճեցման էկոլոգիապես մաքուր պայմաններից,  կարևոր է նաև տեղափոխման և  վերամշակման ընթացքը”:

“Econews”-ը  դիմեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտե`  պարզելու, թե միջազգային ինչ չափանիշներով է  կատարվում սննդի մաքսազերծումը և լիցենզիայի տրամադրումը: Պատասխան նամակում գրված էր.  “Մաքսային սահմանով նշված ապրանքատեսակի բացթողումը կախված չէ բնապահպանական որևէ չափանիշից: Սննդի ներկրման մաքսային ձևակերպումների համար որևէ լիցենզիա չի պահանջվում”:  Այսինքն` ըստ Պետական եկամուտների կոմիտեի` սնունդը ՀՀ տարածք ներմուծվելիս որևէ ստուգում չի անցնում:

Մարիաննա Հակոբյան

Լուսանկարները` Կարապետ Սահակյանի

For English version click here

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում