ՀԿ-ները դեմ են Ջրային օրենսգրքում նախատեսվող փոփոխությանը․ նամակ նախարարին և ԱԺ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի «Ջրային ոլորտի» աշխատանքային խմբի անդամները նամակ են հղել ՇՄ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին կապված «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի հետ։ Աշխատանքային խմբի ներկայացուցիչները դեմ են արտահատվել նախատեսվող փոփոխություններին մի շարք հիմնավոր պատճառներից ելնելով։ Հրապարակում ենք նամակն ամբողջությամբ։ 

«ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից առաջարկվել է «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որտեղ առաջարկվում է.

ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետով վերացնել ջրօգտագործման թույլտվության հայտերի մերժման հիմքերից մեկը՝ եթե «2) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում»։

Նշված փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորվում է «…հաշվի առնելով, որ փոքր հիդրոէլեկտրակայաններն իրենց շահագործման ընթացքում ջրային ռեսուրսի քանակական փոփոխություններ չեն առաջացնում, միաժամանակ, քանի որ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիների տարածքները նկարագրական ձևով են սահմանված և ներկայումս քարտեզագրական տվյալները հիմնականում բացակայում են, ինչպես նաև կարևորելով ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում հիդրոէներգետիկայի դերը, անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը կապահովի բնության հատուկ պահպանվող տարածքների արժեհամակարգի պահպանությունը և կնպաստի տնտեսության զարգացմանը»։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարին կից Հասարակական խորհրդի «Ջրային ոլորտի» աշխատանքային խումբը քննարկելով նշված օրենսդրական փոփոխության առաջարկը դեմ է ՀՀ ջրային օրենսգրքի փոփոխությանը՝ հետևյալ հիմնավորումներով․

  • ՀՀ ջրային օրենսգրքի առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում ԲՀՊՏ-ների բուֆերային գոտում փոքր ՀԷԿ-երի կառուցումը կարող է վտանգել ամբողջ տարածքի էկոհամակարգի կայունությունը, բուսական և կենդանական աշխարհի պահպանությունը, քանի որ փոքր ՀԷԿ-երի կառուցման դեպքում խախտվելու է տեղի լանդշաֆտը, խողովակաշարերի անցկացման դեպքում հնարավոր են ծառահատումներ և սողանքային երևույթների ակտիվացում: Գետի ջուրը խողովակաշարով անցկացնելու դեպքում կփոխվի գետի հիդրոլոգիական ռեժիմը, տեղի կլիման, ինչն իր հերթին բացասաբար կանդրադառնա տարածքի բուսական և կենդանական աշխարհի վրա: Նման պարագայում Ջրային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը կխախտի «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը, որի համաձայն. «Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը»,
  • Հայաստանի հանրապետությունը հայտարարել է, որ հետևում է Եվրամիության «Կանաչ գործարք»-ին (Green Deal), որ իրագործում է կայուն զարգացման նպատակները, ինչպես նաև վավերացրել է «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» և Եվրոպայի լանդշաֆտի կոնվենցիաները, որոնց պահանջները տարածվում են ոչ միայն ԲՀՊՏ-ների, այլ նաև նրանց բուֆերային գոտիների վրա,
  • Օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի փոփոխությունը պահանջում է ԲՀՊՏ-ների և նրանց պահպանման գոտիների հստակ քարտեզագրված սահմաններ, ինչը հիմնականում բացակայում է (ինչպես նշված է օրինագծի հիմնավորման մեջ): Նման պարագայում չի բացառվում ՓՀԷԿ-երի ենթակառուցվածքների կառուցումը հենց ԲՀՊՏ-ներում,
  • մինչև1 ՄՎտ հզորությամբ փոքր ՀԷԿ-երը չեն անցնում բնապահպանական փորձաքննություն և ԲՀՊՏ-ների բուֆերային գոտու կենսաբազմազանությունը, լանդշաֆտը և ընդհանուր էկոհամակարգը մնում է առանց ՇՄԱԳ գնահատման, ինչն անհրաժեշտ է ԲՀՊՏ-ների՝ ներառյալ բուֆերային գոտու պահպանման համար,
  • Օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի փոփոխության հետևանքով վտանգվում է գետերի ձկնաշխարհը, որը չունի ԲՀՊՏ և բուֆերային գոտի ջրբաժան,
  • ՀՀ կառավարության 2016թ-ի դեկտեմբերի 29-ի «ՀՀ հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 53 որոշման համաձայն՝ 2021թ-ից ՓՀԷԿ-երի հզորությունը պետք է հասներ 400 ՄՎտ-ի և չփոփոխվեր մինչև 2037թ-ը: Այս հզորությունը հաշվարկվել է՝ հաշվի առնելով փոքր ՀԷԿ-երի սարքավորումների արդիականացումը և դրանց ՕԳԳ-ի բարձրացումը: Սակայն փոքր ՀԷԿ-երի ոլորտում սարքավորումների արդիականացման գործընթացը զանգվածային բնույթ չի կրել: Փոքր ՀԷԿ-երի գումարային հզորությունն գերազանցվել է կա՛մ նոր փոքր ՀԷԿ-երի, կամ նոր հանգույցների կառուցման հաշվին: 2021թ-ի հունվարի 14-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N-48 Լ որոշումը, որի համաձայն փոքր ՀԷԿ-երի հզորությունը մինչև 2040թ-ը պետք է հասնի 430 ՄՎտ-ի, արդեն իսկ մեծացնելով ՓՀԷԿ-երի համար նախկինում ընդունված ընդհանուր հզորությունը։
  • առաջարկվող նախագիծը ակնհայտորեն հաշվի չի առնում արդեն իսկ կլիմայի փոփոխության արդյունքում ՀՀ-ի ջրային ռեսուրսների անկման տենդենցը եւ նախագծի ընդունման դեպքում է՛լ ավելի է արագանալու դինամիկան, ըստ որի՝

- վերջին 80 տարում ՀՀ-ում օդի միջին ջերմաստիճանը աճել է 1.1-1.2 աստիճան Ցելսիուսով (https://ge.boell.org/en/2015/12/11/politics-climate-change-armenia-commitments-and-expectations-international-climate),

- «Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՀՀ երրորդ ազգային հաղորդագրության» (2015թ.) համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 2040թ. կանխատեսվում է գետային հոսքի նվազում մոտ 14%-ով, 2070թ.՝ մոտ 28%-ով, իսկ 2100թ.՝ 39%-ով: Եթե գետային հոսքի բազիսայինը մոտ 7,1 միլիարդ խմ է, ապա, ըստ գնահատականների, 2100թ. կանխատեսվում է, որ գետային հոսքը կկազմի 4,3 մլրդ խմ։ 2100թ. կանխատեսվում է Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի նվազում մոտ 30-35%-ով, ինչը բացասական ազդեցություն կունենա լճի կենսական ռեսուրսների վրա: 2040թ. կանխատեսվում է գոլորշիացման աճ լճի մակերևույթից մոտ 10%-ով, 2070թ.՝ 20-25%-ով, 2100թ.՝ 35%-ով։
Բնապահպանական որոշումների կայացման գործընթացում անհրաժեշտ է հաշվին առնել հասարակության կարծիքը։ Մասնավորապես, «Էկո համայնք» ՀԿ-ի կողմից ֆեյսբուքյան խմբում 24 ժամում անցկացված «ՀՀ-ում էներգետիկայի զարգացման ո՞ր տարբերակին եք առավել կողմ» հարցման համաձայն՝ հարցմանը մասնակցածների 63%-ը քվեարկել է «արեւային» տարբերակի օգտին, եւ միայն 4.8%-ն է քվեարկել «ջրային» տարբերակի օգտին։

Վերը նշված հիմնավորումներից ելնելով, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարին կից Հասարակական խորհրդի «Ջրային ոլորտի» աշխատանքային խումբն առաջարկում է՝

  • ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը չներկայացնել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը,
  • Ջրային օրենսգրքի 30.1 հոդվածում լրացում կատարել և մերժել ՓՀԷԿ-երի կառուցման համար ՋԹ-ի տրամադրումը ոչ միայն բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում, այլ նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում,
  • ՀՀ-ում ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկայի ոլորտի զարգացումը խթանել այլընտրանքային/վերականգնվող էներգիայի աղբյուրներն օգտագործելով (արեւ, հողմ), իսկ ԲՀՊՏ-ների տարածքում, որտեղ կա էկոզբոսաշրջության չիրացված ներուժ, զարգացնել էկոզբոսաշրջության մշակույթը որպես տնտեսությանն օժանդակող ու միաժամանակ շրջակա միջավայրը պահպանող մոտեցում։

Կից ներկայացնում ենք նաև ՀՀ Շրջակա միջավայրի նախարարին կից Հասարակական խորհրդի «Ջրային ոլորտի» աշխատանքային խմբի անդամ, գյուղ․ գիտ․թեկնածու, դոցենտ Սամվել Թամոյանի կարծիքը՝ պահպանվող տարածքների սահմանազատման վերաբերյալ։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարին կից Հասարակական խորհրդի «Ջրային ոլորտի» աշխատանքային խմբի անդամներ՝ 

Արևիկ Հովսեփյան՝ «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ

Վահե Սալահյան՝ «Էկո աղբ» բնապահպանական ՀԿ

Ինգա Զարաֆյան, Վիկտորյա Բուռնազյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Նազելի Վարդանյան «Հայաստանի անտառներ» ՀԿ

Մարիամ Տաշչյան «Econews.am» բնապահպանական տեղեկատվական կայք

Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Սամվել Թամոյան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում