Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը գեոպարկ կունենան
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Սահակյանին և Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ Արա Ավագյանին։
Քննարկվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից նախաձեռնած «Գեոպարկը որպես տնտեսության կայուն զարգացման և բնապահպանության խթան Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում» ծրագիրը։
Գեոպարկը հատուկ պահպանվող կարգավիճակ ունեցող տարածաշրջան է, որի տարածքում հստակ բացահայտված է Երկիր մոլորակի երկրաբանական պատմությունը, տեղական լանդշաֆտի ձևավորումը, օգտակար հանածոների հանքավայրերի և ապարների ձևավորումը, նախապատմական կենդանիների բրածո մնացորդների մասսայաբար պահպանումը:
Հայաստանի Հանրապետությունում գեոպարկի տարածքի ընտրությունը հիմնված է եղել երկրաբանության ոլորտում կուտակված գիտելիքների, ինչպես նաև ծրագրի մասնակիցների երկարամյա փորձի վրա։ Հաշվի է առնվել նաև մարզերի զարգացվածության մակարդակը և տնտեսական լրացուցիչ խթանման անհրաժեշտությունը։
ՀՀ առաջին գեոպարկը ընդգրկելու է մոտ 4400 կմ2 տարածք, որը համապատասխանում է ՀՀ տարածքի 14,7%-ին։ Այն ընդգրկում է 102 համայնքային տարածքներ։ Ռելիեֆը լեռնային է և ներառում է 1019-3595 մ միջակայքի բացարձակ բարձրությունները։ Առկա են կլիմայական 6 ենթագոտիներ՝ սկսած չոր ցամաքայինից (տաք ամառ և ցուրտ ձմեռ) մինչև լեռնային տունդրա։
Գեոպարկերի հիմնումը կնպաստի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ճանաչելիության բարձրացմանը, կխթանի մարզերում էկոկրթության ու էկոլոգիական մշակույթի ձևավորումը ու արմատավորումը, շրջակա միջավայրի պահպանության, բնօգտագործման և էկոլոգիական անվտանգության բնագավառում անձի ճիշտ և խելամիտ կողմնորոշմանը և վարքագծի ձևավորման համար:
Նախարարը գործընկերներին հավաստիացրել է, որ կարվի հնարավորը՝ Շրջակա միջավայրի նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետների ներուժը և մասնագիտական փորձը համատեղելու և փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։
Լուսանկարում հայկական առաջին գեոպարկի տարածքն է ՝ ՀՀ մարզերի և համայնքների ընգրկվածությամբ