Ձկնագողերը գիշերը փորձել են մանրաձուկ գողանալ (տեսանյութ)

Ձկնագողերը նախորդ գիշեր փորձել են ցանցի տեղադրման միջոցով գողանալ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից օրերս Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280․000 հատ իշխանի գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի քանակ՝ Կարճաղբյուր գետում տեղադրված հատուկ ցանցերի միջոցով։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից։ 

«Սևան» ազգային պարկում նոր կազմավորված պահնորդական հատուկ ջոկատը հերթական շրջայցի ժամանակ՝ Կարճաղբյուրի ստորին հատվածներում, գտել է գետի ողջ լայնությամբ ձգված մանր ցանցավանդակ, որի միջոցով ձկնագողերը փորձել են հավաքել պետության կողմից ֆինանսավորվող ծրագրի միջոցով բուծված և Սևանա լճում ոչնչացման եզրին գտնվող իշխանի գեղարքունի տեսակի, միջինում 7 գրամ քաշով մանրաձուկն ու օգտագործել շահադիտական նպատակներով։

">

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը սնվում է պետական բյուջեից։ Հիմնադրամի նպատակն է լճում վերականգնել գերորսի հետևանքով ոչնչացման եզրին հասած եզակի ձկնատեսակի կենսապաշարները, այն դեպքում, երբ որոշ շրջանակներ՝ օգտվելով համացանցում առկա տեղեկատվությունից, թիրախավորել են բացթողնման վայրը։

«Սևան» ԱՊ-ի պահնորդական հատուկ ջոկատի հետևողական և հստակ մշակված գործողությունների արդյունքում ցանցավանդակը գտնվել և հեռացվել է։ Մանրաձուկը, որը կուտակվել էր ցանցավանդակում՝ կրկին բաց է թողնվել։

Դեպքի առթիվ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում