Ակնալիճը բացառապես պետական սեփականություն է․ մարզպետ

Կոտայքի մարզպես Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է Ակնա լճի ջրամբարի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ գրելով․ «Գեղամա լեռների այս չքնաղ հովիտը բացառապես ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է, և որևէ մեկն այն ինքնակամ տնօրինելու, կոմերցիոն նպատակներով շահագործելու կամ շահույթ հետապնդելու նպատակով՝ ենթավարձակալության հանձնելու որևէ իրավական ՀԻՄՔ ՉՈՒՆԻ (համենայն դեպս՝ տվյալ քաղաքացին և իր ներկայացուցիչները որևէ նման փաստաթուղթ չկարողացան ներկայացնել՝ վկայակոչելով ինչ-որ վարձակալության անհասկանալի մի պայմանագիր, որն ըստ իրենց, տրամադրվել է դեռևս հեռավոր 1988թ.՝ ինչն իհարկե չէր կարող հանդիսանալ իրավաչափ հիմք)։

Իսկ տվյալ անձը, ով իր ընտանիքի անձնական նախաձեռնությամբ՝ շուրջ մի քանի տասնամյակ լիճ է բաց թողնում որոշակի ձկնաքանակ՝ բնական միջավայրում բազմանալու և որակական հատկանիշներ ձեռք բերելու նպատակով, իմ ընկալմամբ, դա անում է՝ առանց պատկան մարմինների և համապատասխան գերատեսչությունների պաշտոնական թույլտվության, ինչի մասին վերջինիս մանրամասն պարզաբանումներ ներկայացրեցի տեղում (սոցկայքերի վերջին հրապարակումների հիմամբ և այս փաստերով նաև Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում, և այդ տարածքում օրեր առաջ տեղազննություն են արել նաև հետաքննիչները):

Ըստ այդմ, ելնելով վերոգրյալից, կոչ եմ անում շահագրգիռ բոլոր շրջանակներին՝ մեր արշավականներին, բնապահպաններին, և պարզապես, մեր մարզի հյուրերին.

Այցելե՛ք Ակնալիճ, բանակեք ափերին, վայելե՛ք բնության այդ հրաշագեղ կոթողը՝ առանց որևէ մեկին վճարելու, առանց տրվելու՝ որևէ մեկի կողմից «սեփական կանոնները» տեղում թելադրելու կամ Ձեր քաղաքացիական իրավունքները սահմանափակելու ապօրինի պահանջներին. այդ մասին վերջիններս խստագույնս զգուշացվել են։

Հարկ եղած դեպքում՝ նման փորձերի ականատես լինելիս, խնդրում և հորդորում եմ՝ անմիջապես ահազանգել ոստիկանություն»։ 

Հիշեցնենք, որ Ակնալիճն ու հարակից տարածքները երկար տարիներ ապօրինաբար տնօրինվել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և իր ընտանիքի կողմից։ 

Ընդգծենք, որ լիճը գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման համաձայն։ Ծովի մակերևույթից բարձր է 3030 մետրով, լճի մակերեսը՝ 0,5 կմ²։ Սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն շրջապատված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, քաղցրահամ։ Մակերեսը կազմում է 0,53 կմ², առավելագույն խորությունը՝ 15 մ, ջրատարողությունը՝ 3,91 միլիոն մ³։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում