Ձերբակալվել է «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը

ՀՀ ԿԱ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պահպանության գծով տեղակալ, ներկայումս նշված ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Ա.-ն, 2017-2019թթ. ընթացքում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար 4 անձանցից առերևույթ պահանջել և որպես կաշառքի գումար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 250.000, 100.000 և 26.500 ՀՀ դրամ գումարներ, ինչպես նաև գույք՝ շուրջ 30.000 և 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ խոտի տուկեր, և այլ առավելություն՝ 165.000 ՀՀ դրամի դիմաց իր օգտին աշխատանքների կատարում: Չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ նշված պաշտոնատար անձի կողմից հիշյալ անձանց թույլատրվել է նաև պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ հողատարածքում խոտհունձ կազմակերպել՝ էական նյութական վնաս պատճառելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի օրինական շահերին:

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը 2019թ. ընթացքում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական նպատակով մի շարք քաղաքացիների խոտհունձ կազմակերպելու համար կաշառքի դիմաց տրամադրել է արտոնյալ պայմաններ: Մասնավորապես՝ թույլատրել է պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ հողատարածքում խոտհունձ կազմակերպելը, որի դիմաց, որպես կաշառք, պահանջել և ստացել է պայմանագրով չնախատեսված տարածքներից հնձված խոտի 30-ից 50-ը տոկոսը:

Պարզվել է նաև, որ 2019թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից կատարվել է խոշոր չափերով վատնում: Խոտհունձ կազմակերպելու մասին պայմանագրերով նախատեսված՝ նշված ՊՈԱԿ-ին տրամադրվող խոտի մի մասը՝ 500 խոտի տուկ, վաճառել է մի անձի, որի դիմաց պայմանվորված 1.100.000 ՀՀ դրամից ստացել է 600.000 ՀՀ դրամ, իսկ մնացած գումարի վերաբերյալ պայմանավորվել են, որ այն պետք է վճարվի 2019թ. դեկտեմբերին:

Փաստի առթիվ 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, ապա նախաքննություն կատարելու համար ուղարկվել Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ 2019թ. դեկտեմբերի 2-ին ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով (8 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մաս 2-րդ կետով, 311-րդ հոդված 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 308 հոդված 1-ին մասով, 311-րդ հոդված 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքների լիարժեք պարզման նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում