Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվել է հուշագիր ԳԱԱ բուսաբանության ինստիտուտը զարգացնելու ուղղությամբ
![](https://econews.am/disk/10-07-19/2c2e174fc78bcc3fef3b13d6fb15a5c3.jpg)
Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի բուսաբանական այգի: Այստեղ տեղի է ունեցել այդ երկրի ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի՝ «Սինգապուրյան խոլորձի» նոր տեսակի` Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անունով անվանակոչելու արարողությունը: Այսպիսի միջոցառումներ Սինգապուրում տեղի են ունենում ի պատիվ երկրի բարձրաստիճան հյուրերի և անվանի գործիչների:
Վերոնշյալ արարողակարգին Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի մասնակցությունը մեկ այլ խորհուրդ ևս ուներ. «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաև որպես «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա արքայադստեր խոլորձ», իր անվանումն ստացել է` ի պատիվ հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով հայտնաբերել է այս ծաղկատեսակը: Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյան) ծնվել է 1854թ. ապրիլի 7-ին Սինգապուրում` Բարսեղ և Ուրելիա Ջոակիմների (Հովակիմյան) ընտանիքում:
Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել պատվո հյուրերի գրքում: Այնուհետև վարչապետը և տիկին Հակոբյանը շրջայց են կատարել այգով:
Հայաստանի և Սինգապուրի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի ու Լի Սյեն Լունի հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Սինգապուրի Հանրապետության ազգային պարկերի խորհրդի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/41517452618bfd89f291ac0f2f4d399a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-07-23/982c1721f392e11c1ca68d1cced6ea43.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/199205d477555f16a7806dfea185adcf.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/786b902b2385c0c7c3916d1343a6f8b5.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/23-08-22/f462cae2f7ba186e1c9bfdcadc2c7852.jpg&w=300&h=200)