Սևանի ձուկը բանակինն էր...

Սևանա լճի բոլոր խնդիրները առաջ եկան այն պահից, երբ շրջանառության մեջ մտավ ռեսուրս բառը, երբ կենդանի, շնչող, բնական էկոհամակարգը օտարների կողմից դիտարկվեց որպես ռեսուրս, և խլվեց մարդուց, այն մարդուց, որ ինքը բաղադրիչն է այդ նույն էկոհամակարգի, այն մարդուց, ով ծնվել ու մեծացել է այդ էկոհամակարգի սահմաններում, ով ֆիզիկական ցավ է զգում համակարգին հասցված ամեն հերթական հարվածից, ինչպես սեփական մարմինը խոշտանգելիս կզգար, ով դարեդար սրբությամբ պահպանել ու վերարտադրել է այդ էկոհամակարգը, ով անգամ եկեղեցու զանգերը չի հնչեցրել ձվադրման շրջանում, որ չխանգարի ձկներին ձվադրել: Եվ ահա Խորհրդային իշխանությունը որոշեց, որ էդ էկոհամակարգի ամեն բաղադրիչը` էդ թվում և մարդը, իր սեփական ռեսուրսն է, որը միայն անհաշվենկատ գերշահագործման համար է` ի նպաստ իր պլանային տնտեսության զարգացման: Այսօր չեմ ուզում խոսել այն մասին, որ այն ժամանակ դա արվում էր երկրի զարգացման, իսկ մեր օրերում դրա առավել գազանաբարո շարունակությունը արվում է մասնավոր շահի համար, ու դա դեռ բավական չէ, դրա անվան տակ հանրային միջոցներն են նվիրաբերվում ու մղսվում: էս հարցին հետո կանդրադառնամ ու հավանաբար հանրային դատարանի հաջորդ հայցվորը ես եմ լինելու (Երեկ Բնապահպանական հանրային դատարանը քննում էր «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճին սպառնացող վտանգների մասին» գործը ): Այսօր մայիսի ինն է, ու ինչպես բոլորը, ես էլ մտովի հետ գնացի ու հիշեցի պապիս` ցամաքաբերդցի Դավոյենց Մուշեղին, ով առաջիններից էր, ումից խլվել էր իր ու իր պապերի մարմնի մի մասը` Սևանն ու Սևանա ձուկը, ու նաև իր` գենետիկորեն ժառանգություն ստացած ունակությունը` լճի լեզուն հասկանալու և բացառիկ ձկնորս լինելու վարպետությունը: Մարդ, ում մասին գրքեր են գրվել, ում ափամերձ գյուղերի բնակիչները` պատերազմական տարիների սերունդը, հիշում են երախտագիտությամբ` որպես իրենց ընտանիքները, իրենց երեխաներին սովից փրկած անձնավորություն(-Դու գիտեեեե~ս` ում թոռն ես): Ու գիտեք` ինչպես է նա դա արել... Ձկնգողությամբ... Պատկերացնում եք, մարդը, ում վստահված էր պատերազմական ժամանակների արդյունագործական որսը, ում վրա խայտառակ պլան էր դրված բանակին ձուկ հասցնելու և գյուղացի կանանց (քանի որ տղամարդիկ ռազմաճակատում էին) աշխատեցնելու պարտականություն ( ձուկը այն ժամանակ այնքան էր, որ ափի թոռով էին որսում. թոռը գցում էին լիճը ու հետո կանայք քաշում էին այն` հսկայածավալ ձկան հետ մեկտեղ) իրավունք չուներ այդ չարքաշ աշխատանքից հետո իր աշխատողին մի հատիկ ձուկ տալու. Ձուկը բանակինն էր...Շատերն են խոսում, որ անկախացումից հետո հետագա 10 տարիներին Սևանի ձուկը 4 հանրապետություն կերակրեց, բայց քչերն են հիշում, որ Սևանի ձկով մինչ այդ աշխարհամարտ էր հաղթվել... Ու ոչ ոք չէր մտածում, որ այդ ձուկը որսացող բանվոր կինը պիտի նվազագույն սնունդ ստանա, պիտի տանը սովից լացող իր երեխային մի պատառ ուտելիք տա, որ աշխատելու ուժ ունենա: Ու շաբաթը մեկ զինված հսկիչները տներն էին լցվում ու ֆաշիստից դաժան խուզարկություն անում` թաքցրած ձուկ հայտնաբերելու համար: Կենաց ու մահու կռիվ էր: Սովամահ չլինելու տենչը ավելի ուժեղ էր հսկիչների հանդեպ ունեցած վախից, ու մարդիկ գտնում էին ելքը` աղ դրած ձուկը կճուճով թաքցնելով անհավատալի վայրերում, այդ թվում անասունի թրիքի մեջ: Իսկ որտեցից ձուկը: Դավոյենց Մուշեղը աշխատանքից հետո ջրից հանած թոռը փռել էր տալիս ափի քարերի վրա` որպես օրվա աշխատանքի ավարտ, իբրև չորացնելու համար, բայց բանվոր կանանց չէր թողնում հեռանալ, նրանք թաքնվում էին քարերի հետևում, մինչև պետական նավերը կմոտենային, կբարձեին ամբողջ ձուկը ու կհեռանային: Դրանից հետո սկսվում էր թաքուն որսը` ժողովրդին սովից փրկելու համար (-հենց նավը, բարժը հետևից կապած, էլ չէր երևում, ափեր Մուշեղը` պապդ, ասում էր` դուրս էկեք): Չմոռանանք, որ էդ Արարատյան դաշտավայրը չէր, որ էդտեղ, այն էլ այն տարիներին, ինն ամիս դաժան ձմեռ էր ու լիճը սառչում էր` սառույցի հաստ շերտով փակելով սննդի միակ հնարավորությունը... Փաստորեն իմ պապը` ցամաքաբերդցի Դավոյենց Մուշեղը, էս երկրի առաջին ձկնգողն է... Ինքը գող է, որ թաքուն, բայց հաշվենկատ (լճի ձկնային պաշարները չպակասեցին իր արածի արդյունքում), առանց լճին վնաս հասցնելու, վերցնում էր` ինչ իրենն ու իր պապերինն էր, ինչը խլել էին իրենից, ինչը օտարել էին իրենից, բայց վերցնում էր` իր էկոհամակարգի ամբողջությունը պահպանելու համար, իր մեծ մարմնի մաս կազմող մարդկանց սովից փրկելու համար...Իսկ իր մարմինը իրենից խլած կառավարությունը գող չի, հանրային բյուջեն կամայականորեն նվիրաբերող կառավարությունը գող չի, խոշոր բիզնեսին ծախված գիտնականը գող չի, լիճը ճահճացման եզրին հասցրած բնապահպանության նախարարությունը գող չի, Սևանի ոչնչացմանը նպաստող նախագծերին կողմ քվեարկող պատգամավորը գող չի: Գողը էն գյուղացին ա, ում ձեռքից խլել են իր միակ ունեցվածքը, իր աչքի առաջ վայրենաբար շահագործել են` անդառնալի վնասներ հասցնելով, ու իր գլխին էլ վերակացու են կարգել, որ ինքը դրանից հանկարծ մաս չունենա: Իր աչքի առաջ իր ազգային հարստությունը տվել են մեկ մասնավոր բիզնեսի, որ գերշահույթ ունենա, անունն էլ դրել են ձկնային պաշարների վերականգնման ծրագիր, որ դրա անվան տակ հանրային բյուջեն յուրացնեն: Ինքը գող ա, որ իրեն օգնության հասած բնության` լիճը սառեցնելու ու ցանցավանդակները պատռելու արդյունքում լիճ լցված ձուկը ամբողջությամբ հավաքել ա, չի թողել որ մեծանա, ու ուրիշները տանեն, մանրաձկան ձվաձեղ ա կերել մի երկու օր: Բայց էն մարդիկ, ովքեր արտասահմաններում Սևանի սիգի խավիար են վաճառում, կամ պահածո` արտադրված ձկան որսի արգելքի շրջանում, գող չեն, իրենք հովանավորված են բարձրյալի կողմից: Ասածս ինչ է` մարդկանց ստիպողաբար գող են դարձրել` խլելով միակ ունեցվածքը, գլխին վերակացու կարգելով ու իր աչքի առաջ գազանաբարո վարք դրսևորելով: Վերադարձրեք իրենց մարմինը, և իրենք այն կպահպանեն ու հոգ կտանեն, վստահ եղեք: Շնորհավոր հաղթանակի օր: Կիսում եմ բոլորի հպարտությունը` ռազմաճակատում հերոսացած և նաև թիկունքը հերոսաբար պահած ու բանակին սնունդ, հագուստ ու զինամթերք հասցրած նախնիների համար:

 

 

«Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի» տնօրեն Սաթենիկ Բադեյանի ֆեյսբուքյան էջից:

Գրառումը ներկայացված է առանց խմբագրման:  

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում