Ահազանգ. ինչպես է սարերից «պլոկված» բուսահողը հայտնվում Երևանում՝ մեծ վնաս պատճառելով բնությանը (ֆոտո)

Տնտեսվարողները տարիներ շարունակ և անգամ մինչ օրս շարունակում են բնության վնաս պատճառով ստանալ տնտեսական օգուտներ: Նման դեպքի մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ահազանգեց էկոլոգ-փորձագետ Հրաչիկ Միրզոյանը: Վերջինիս պնդմամբ հատկապես Երևանում կանաչապատման աշխատանքներ իրականացնող ընկերությունները «գումար խնայելու» հեշտ տարբերակ են գտել և դիմում են բնությունն ավիրելու պարզ մեթոդին: Ըստ նրա` Երևանում ակնհայտ կան տարածքներ, որտեղ կանաչապատումն իրականացվել է ոչ թե արհեստական աճեցված սիզամարգով, այլ պարզապես բնությունից (սարեր, դաշտեր) պլոկված վերին շերտով` բուսահողով: «Ըստ երևույթին մեխանիզացված կարգով հողի երեսը մոտավորապես 10 սմ խորությամբ, որտեղ արմատները սևահողի մեջ խճճված են, այսինքն՝ հողի հետ ամբողջական միասնություն է կազմում, հատում են երեսը ու բերում քաղաք: Այսինքն՝ կանաչն արմատով կտրում են ու բերում, օգտագործում, աճեցնում` որտեղ պետք է: Իրականում, նորմալ երկրներում գազոնների արտադրություն գոյություն ունի, մեզ մոտ որոշում են, որ կարելի է բնությունից պոկել, իսկ դա խիստ վտանգավոր է, էրոզիա է առաջացնում, այսինքն հողմից, սելավից հողը կարող է փլվել, խորխորատներ առաջացնել և այլն»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Հրաչիկ Միրզոյան, էկոլոգ-փորձագետ

Հրաչիկ Միրզոյանը նաև մատնանշում է տարածքներ, թե որտեղից են բերել ճիմը (բուսահող), ինչպես նաև, թե Երևանում որ կանաչապատ տարածքներում է օգտագործվել ճիմ: «Հոկտեմբերի 11-ին հյուսիս-հարավ ավտոմայրուղու Երևան-Աշտարակ հատվածի սկզբնամասում, Երևանի 16-րդ թաղամասին հարակից ճանապարհային հանգույցի թեք եզրաշերտերը ճմապատում էին սարից պլոկած ճմով: Նշանակում է «էժան» ճիմ մատակարարելու գործընթացը շարունակվում է»,- ասում է նա և շարունակում,-«Մի ժամանակ ես տեսել եմ ճիմ, որը Ծաղիկ Ռուբոյի եկեղեցու տարածքում, այնուհետև «Ռիբոկ»-ը կառուցեց, դրա տարածքում օգտագործվել է, ինչպես նաև Դավթաշենի կամուրջի ամբողջ հանգույցը, Դավթաշեն եկող ամբողջ տարածքը: Դա անհնար է շփոթել. դրանք սարի ծաղիկներ են, հասկանո՞ւմ եք, ճիմի կազմն ասում է, որ դա ոչ թե աճեցրած է՝ միատարր, այլ այդ բարձրությունների բույսեր են այնտեղ: Դրա համար եմ ասում, որ այդ ճիմը քանդել են, բերել են քաղաք: Տեսել եմ, որ այդ բույսը գազոնի վրա աճել է, բայց դա սարի բույս է: Այսինքն դա ցանովի բույս չէ: Ես վկայում եմ, որ դրանք արվել են սարից բերված ճմով»:

Հրաչիկ Միրզոյանը նաև լուսանկար է հրապարակել՝ պնդելով, որ այդ տարածքից վերցվել է հողի վերին շերտը՝ բուսահողը:

Գեղարքունիքի մարզ

Նրա խոսքերով՝ լուսանկարում ցուցադրվող տեղանքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղից 3 կմ դեպի հյուսիս: Այստեղ գործողությունը կատարվել է 1-2 տարի առաջ: Այն սարահարթ է, ծածկված հացազգի տարախոտային մարգագետնատափաստանային բուսածածկով: Ճմահանված տարածքը 5-7 հա է: Նախկինում տարածքը օգտագործվել է որպես արոտավայր: «Այժմ այդ տարածքի էրոզացվածության աստիճանը V կարգի է /45-70 % էրոզացված/ և պիտանի չէ որպես արոտավայր օգտագործել: Ավելին, տարածքի վերականգնման համար այն պետք է ենթարկվի կենսաբանական ռեկուլտիվացիայի՝ ցանքս կատարվի և ցանկապատվի՝ անասունների մուտքը արգելելու համար: Բարենպաստ պայմաններում տարածքի բուսածածկը կվերականգնվի 5-6 տարում»,- մանրամասնում է նա:

Վերջինս տրամադրեց նաև ճմահանված տարածքի կորդինատները՝ 40036՛05,5՛՛N և 44053՛08,3՛՛E, բարձրությունը ծովի մակարդակից՝ 2260 մ:

«Որևէ փորձագետ հնարավոր չէ նման բան թույլ տա: Ճիմը բերելն առնչվում է բերրի հողի տեղափոխման խնդրի հետ: Բանն այն է, որ մեր երկրում բերրի հողի վաճառքն արգելված է: Այստեղ նաև կոռուպցիոն խնդիր կա: Ո՞վ է այդ հողը վաճառել, կամ վաճառել են արդյո՞ք, կամ ինչպես է դա ձևակերպվել: Մեր օրենսդրությամբ հաշվարկվում է վնասը, քանի որ հողի մակերեսը խախտում են: Բերրի հողը չի վաճառվում, փաստորեն հետը ճիմ էլ կա, բույսեր էլ կան, բայց բոլոր դեպքերում իրացվել է այդ գործարքը: Այդ հանած հողը միայն կարող է լինել մարզի, համայնքի սեփականությունը և միայն համայնքապետի կամ մարզպետի թույլտվությամբ կարող է օգտագործվել, նաև մատյան պետք է վարվի և եթե ենթադրենք, որ մարզպետը թույլտվություն է տվել, դա պետք է մատյանում մուտք ու ելք արած լինի»:

ՀՀ հողային օրենսգիրք, գլուխ 11-րդ /Հողերի պահպանությունը/ սահմանում է.

«Հոդված 36. Հողերի պահպանության նպատակները և խնդիրները

5. Շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է»:

Հողի բերրի շերտի օգտագործման կարգը սահմանում է կառավարության համապատասխան որոշումը, որը սահմանում է բոլոր հնարավոր դեպքերը, երբ կարելի է օգտագործել հողի բերրի շերտը, օգտագործման նպատակները, կարգը և այլ մանրամասներ:

ՀՀ հողի բերրի շերտի տեղափոխման կարգի և դրա վտանգների մասին խոսեցինք ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրների կառավարման գործակալության պետի տեղակալ, Հայաստանում ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանի հետ: «ՀՀ-ում անտեր հող չկա, ամենախորն անդունդի հատակն անգամ լինի, ամեն հողակտորն ինչ-որ մեկինն է: Հողը, որը վերցնում են, ինչ-որ մեկի տարածքն է, մեկի սեփականությունն է: Առաջինը պետք է այդ հողի սեփականատերը թույլ տա, որ իր հողից վերցնեն: Կառավարության որոշումով ամրագրված է նաև հողաշինարարական աշխատանքներ կատարելիս, որտեղ առաջանում է լրացուցիչ բերրի հողի շերտի օգտագործման կարգը: Եթե ռեկուլտիվացիա են անում, պահպանում են 1-2 տարի, բայց եթե երկարատև ժամանակահատված է, նպատակահարմար է, որ դա օգտագործեն անմիջապես, օրինակ, եթե հանքի շահագործում է, 30 տարի չես պահի այդ հողը»,- ասաց նա:

Աշոտ Վարդևանյանը մանրամասնեց, որ այս դեպքում բոլոր հարցերը և խնդիրները վերաբերում են առաջին հերթին համայնքի ղեկավարին, մարզպետարանին և բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնին:

Վերջինս մանրամասնում է. «Այդ հարցերը հիմնականում կանոնակարգում է համայնքի ղեկավարը: Հողի բերրի շերտը վաճառել չի կարելի, դա հողային օրենսգրքի պահանջն է: Եթե, օրինակ, ձեզ հողի բերրի շերտ է պետք, համայնքի ղեկավարին դիմում եք՝ կարո՞ղ ես ինձ օգնել, ինքն էլ նայում է, ասում է, ենթադրենք՝ մեկ ամիս հետո, այսինչ տեղում ինչ-որ բան ենք քանդելու՝ համայնքային սեփականություն, դա կարելի է, կամ ինչ-որ մեկը գործ է անում և այլն: Ցանկալի է, որ հողը հնարավորինս աջից ձախ չտանել, ձախից էլ աջ: Հողը տեղափոխելուց վտանգավոր երևույթներ կարող են առաջանալ. հողի հետ ինչ միկրոբ ասես կարելի է տեղափոխել, ինչ հիվանդություն, ինչ սերմ, դա վտանգավոր բան է, պետք է հնարավորինս քիչ տեղաշարժել: Ավելին ասեմ, շատերին թվում է, որ եթե սարից գլխից սևահողը վերցրեցիր, բերեցիր արարատյան հարթավայր, սևահողը փռեցիր, այս հողը մնալու է սևահող. Ո՛չ, այդ հողը կդառնա էլի նույն հողը, որովհետև, ի վերջո, հողի քիմիական հատկությունները պայմանավորված են բնակլիմայական պայմաններով»:

Աշոտ Վարդևանյան, Հայաստանում ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող

Աշոտ Վարդևանյանն ընդգծեց նաև, որ հողամասի սեփականատերն իրավունք չունի հողի վիճակը վատթարացնելու: Պետք է լավացնել, չվատացնել, իսկ հողի բերրի շերտը հանելով հողի որակը վատացնում են: «Եթե էրոզիան սկսեց, արդեն կանխելը շատ դժվար է, գնալով խորանում է, լվանում է, փոս է առաջանում, փոսը ձորակ է առաջացնում, ձորակն էլ՝ ձոր: Դա ճիշտ է դանդաղ, բայց շատ վատ պրոցես է»,- եզրափակեց նա:

Միևնույն ժամանակ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը փորձեց պարզել, թե որ ընկերություններն են մինչ այժմ Հրաչիկ Միրզոյանի մատնանշած հատվածներում իրականացրել և շարունակում իրականացնել կանաչապատման աշխատանքներ: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնեց. «Ի պատասխան Ձեր հարցման՝ աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ 2015-2018թթ. ընթացքում Դավթաշեն վարչական շրջանի կանաչապատման և խնամքի, այդ թվում նաև կամրջի հանգույցի և դրա հարակից տարածքների աշխատանքները իրականացվել է «Դավթաշեն կանաչապատում» ՓԲ ընկերության ուժերով:

Ձեր 2-րդ հարցման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասին հարակից տարածքների կանաչապատման աշխատանքներն իրականացնելու է «Խաչհար» ՍՊԸ-ն, իսկ խնամքի հետ կապված պարզաբանումը՝ ավելի ուշ, երբ ավարտին հասցվեն կանաչապատման աշխատանքները»:

Ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների, «Խաչհար» ՍՊԸ հիմնադիրներ են գրանցված երկու Բաղդասարյան Աշոտ և Գոհար Սմբատյան անունով քաղաքացիները, երեքի մասնակցությունն էլ դադարեցված է: Իսկ ընկերության տնօրեն է Ռուբեն Բաղդասարյան անունով քաղաքացին:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում