Կարծում ենք, որ սա դասական կոռուպցիոն որոշում է. Ամուլսարի աշխատանքային խմբի կարծիք /Լևոն Գալստյան/

Ավարտվել են Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի ուսումնասիրությունները: Աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնել է խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները վարչապետի աշխատակազմ ներկայացնելու մասին: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ևս մասնակից է եղել աշխատանքային խմբի գործունեությանը:

Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները խմբագրությունը կհրապարակի անհատական:

Ներկայացնում ենք «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ Լևոն Գալստյանի «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող աշխատանքային խմբի
առաջին առաջադրանքի՝ Ամուլսարի ոսկու հանքի փաստահավաք ուսումնասիրության» կարծիքը:  

 

Աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ Լևոն Գալստյանի մասնագիտական կարծիքն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:

Լևոն Գալստյանն առանձնացրել է «Լիդիանի ներկայացրած տեղեկությունների համադրում այլ անկախ մասնագիտական հետազոտությունների հետ» կետը, որտեղ տարանջել է ևս 4 ենթակետ /1. Ապարների թթվային դրենաժ, մակերևույթային և ստորերկրյա ջրերի աղտոտում, 2. Ջերմուկի վրա ազդեցություն, 3. Որոտան-Արփա թունել, 4․ Բաց մնացած, չվերլուծված խնդիրներ/: Առաջին կետով վերջինս գրում է. « ... ՀՀ նախկին կառավարության կողմից թույլտվություններ և դրական եզրակացություններ տալու ժամանակ չի փորձաքննվել ջրերի հնարավոր աղտոտման Լիդիանի ներկայացրած կանխատեսումների և մեղմացման միջոցառումների իրատեսությունը, հավաստիությունը, գիտական հիմնավորվածությունը։ Դեռ ավելին՝ 2016 թվականի ապրիլին, երբ այս նախագծին տրվել է դրական եզրակացություն, հայերեն ներկայացված չեն եղել մի շարք կարևորագույն փաստաթղթեր՝ առանց որոնց ուսումնասիրման հնարավոր չէր գալ դրական կամ բացասական եզրակացության։ Աշխատանքային խմբին այդպես պարզ չեղավ, թե պետության կողմից ո՞վ կամ ովքե՞ր են փորձաքննել այս խնդիրները՝ մանավանդ առանց Երկրաքիմիական փորձարկումներ ու կանխատեսումային մոդելավորում փաստաթաղթի, Թթվային ապարների դրենաժի կառավարման և Մակերևույթային ջրերի կառավարման պլանների և Ստորեկրյա ջրերի մոդելավորման հայերեն տարբերակների առկայության»:

Առաջին կետով վերջինս ներկայացրել է մի շարք հիմնավորումներ՝ ամփոփելով. «Ամուլսարի հանքի շահագործումը չի կարելի սկսել այնքան ժամանակ, քանի դեռ բաց մնացած էկոլոգիական բոլոր խնդիրները պատշաճ կերպով չեն ուսումնասիրվել անկախ մարմինների/խորհրդատուների կողմից։ Նրանց հայտնաբերած բացթողումները պետք է ներմուծվեն թթվային և մետաղ պարունակող դրենաժի կառավարման պլանի մեջ, որոնք կներառեն նաև թե կառավարության, թե ընկերության պատասխանատվություններն ու պարտականությունները»:

Խոսելով Ջերմուկի վրա հանքի ազդեցության մասին, Լևոն Գալստյանը գրում է. «Լիդիանին 2007թ․-ից ֆինանսապես աջակցած ՀԲ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Համապատասխանության ապահովման պաշտպան խորհրդականի (ՀԱՊԽ) գրասենյակը, հետաքննելով Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Հայաստանից ներկայացված բողոքները, 2017թ-ի իր վերջանական զեկուցագրում հաստատում է, որ Ամուլսարի ոսկու հանքի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականում (ԲՍԱԳ) «Ջերմուկ բրենդի և Ջերմուկի, որպես տուրիստական քաղաքի վրա պոտենցիալ ազդեցությունները չեն գնահատվել և մեղմացվել թիվ 1 Կատարողական չափորոշիչի (ԿՉ1) պահանջներով», ինչպես նաև լիարժեքորեն չեն գնահատվել սոցիալական ազդեցությունները Գնդեվազ համայնքի վրա»: 

Վերջինս անդրադառնում է նաև աշխատանքների կազմակերպման գործընթացին. «Աշխատանքային խմբի առաջին առաջադրանքից պարզ եղավ, որ 12 աշխատանքային օր ժամկետը բավարար չէ լիարժեք քննարկումներ և ուսումնասիրություններ անելու համար։ Բազմաթիվ փաստաթղթեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այդպես էլ հասանելի չեղան։ Հնարավորություն չեղավ կատարել տեղազննում ծրագրի տարածքում, ինչպես նաև քննարկումներ անել փորձաքննության դրական եզրակացություններ տված փորձագետների հետ։ Բազմաթիվ հարցեր, որոնց մի մասը նշված է սկզբում՝ այդպես էլ մնացին անպատասխան։ Աշխատանքային խումբը ոչ մի ֆինանսական աջակցություն չստացավ կառավարությունից ուսումնասիրվող տարածք այցելելու կամ տեղի բնակիչների Երևան գալու համար։ Հուսով եմ հաջորդ առաջադրանքի ժամանակ ավելի արդյունավետ կլինի աշխատանքային խմբի գործունեությունը»: 

Աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ Լևոն Գալստյանի մասնագիտական կարծիքն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:

Կարդացեք նաև ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցի, նույն ՊՈԱԿ-ի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանի, նույն ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանի «Ամուլսարի» ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ մասնագիտական եզրակացությունը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում