Արմեն Սաղաթելյանն Ամուլսարի հանքի շահագործման դատական գործով փորձագետ է ճանաչվել. մանրամասներ
ԿԱՅԱՑԱՎ ԱՄՈՒԼՍԱՐԻ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Օգոստոսի 2-ին ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման վերաբերյալ հերթական դատական նիստը: Նշենք, որ հայցվորները վիճարկում էին «Լիդիան Արմենիա» ընկերությանը տրամադրած ընդերքօգտագործման թույլտվությունը և դրան առնչվող մի շարք այլ վարչական ակտեր:
Դատավարությունը կանգ էր առել այն փուլում, երբ անհրաժեշտություն էր առաջացել նշանակել փորձագետներ՝ հայցվորիների՝ Գնդևազ համայնքի մի շարք բնակիչների միջնորդությամբ փորձաքննություն իրականացնելու համար:
Առաջինը դատարանին ներկայացավ ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը: Նա նշեց, որ արդեն երկու տարի է, ինչ կատարում է հետազոտություն Ամուլսարի հանքի վերաբերյալ, սակայն այն չի ավարտել դեռ: Փորձարարական մասը կավարտի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ հետագայում ստացված տեղեկություններն ու տվյալները արդեն պետք է հետազոտվեն, մշակվեն: Այս հետազոտությունների ընթացքում 72 փորձանմուշի անալիզ են արել, մոտ 130-ինն էլ դեռ պիտի անեն:
Սեյրան Մինասյանը նշեց, որ Լիդիան Արմենիա ընկերության ՇՄԱԳ-ն ուսումնասիրելով մասնագիտական հրապարակումներ արդեն իսկ արել է: Այն համոզման է, որ ՇՄԱԳ-ում մի շարք էական թերություններ կան, մասնավորապես՝
- Ամուլսարի և Ջերմուկի ջրերի հետ կապի բացակայությունը ՇՄԱԳ-ում ապացուցված չէ: Խնդիրն այն է, որ Ջերմուկի ջրերի վրա ազդեցության բացակայության հետազոտություն փաստացի չի արվել. ընդամենը մեկ նմուշի հետազոտություն է արել Լիդիանը և դա ներկայացրել որպես լայնածավալ իզոտոպային հետազոտություն: Իսկ նման մոտեցումը ընդունելի չէ: Ընդամենը մեկ նմուշի հետազոտմամբ չի կարելի պատասխանատու հատարարություն անել, թե Ջերմուկի վրա ազդեցություն չի լինի: Գիտնականի կարծիքով հնարավոր է ջրերի ներթափանցում Ամուլսարից Ջերմուկ:
- Ամուլսարի գոտու հանքային աղբյուրների վրա ազդեցության բացակայությունը ևս ապացուցված չէ: Ամուլսարի աղբյուրների ջրերի վերաբերյալ արվել է երկու նմուշի մեկանգամյա հետազոտություն: Սակայն ջրերը ունեն չորս բնական սեզոնային տատանումներ՝ ձմեռային, ամառային, գարնանային, աշնանային, և անհրաժեշտ էր բոլոր սեզոններին կատարել մանրամասն հետազոտություններ:
- ՇՄԱԳ-ում նշված փոշու ցրման շառավիղը /1կմ/ ևս հավաստի չէ: Սեյրան Մինասյանը Սոթքի հատվածում, որտեղ կրկին գործում է բաց հանք, նմանատիպ հետազոտություն է իրականացրել, և պարզել, որ փոշին տարածվում է մինչև Վարդենիս: Գիտնականը, անալոգիա կատարելով պնդեց, որ Ամուլսարի դեպքում ևս փոշու առավել վտանգավոր մասը 1 կմ-ից շատ ավելի մեծ շառավղով է գնալու: Դա բերելու է մշակաբույսերի վրա բացասական ազդեցության, նվազելու է բերքատվությունը, բերքի որակը հարակից ողջ տարածքում ընկնելու է: Բնականաբար վնաս է հասցվելու մարդկանց առողջությանը: Ողջ էկոհամակարգն է տուժելու, միևնույն ժամանակ դրա հետևանքով ազդակիր համայքների կրած վնասները ևս գնահատված չեն: Գիտնականը նաև ասաց, որ փոշին այլ՝ միջնորդավորված, ազդեցություն ունի ջրերի վրա՝ Որոտան, Արփա գետերի հատակին կկուտակվի փոշի, դա էլ իր հերթին կբերի գետի էկոհամակարգի փոփոխության:
Հաջորդը դատարանին ներկայացավ երկրաբանահանքաբանականական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանը: Գիտնականը հանքի շահագործման դեպքում մի շարք անկառավարելի ռիսկեր է տեսում, որոնք ոչ մի տեխնիակակն միջոցներով հնարավոր չէ շտկել: Ըստ նրա՝ հանքավայրի տեղադիրքից ելնելով՝ այն չպիտի շահագործվի: Շահագործումը վտանգելու է հանրապետության և ընդհանրապես տարածաշրջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լիճը:
Այսպիսով՝ արմատական խնդիրը ջրերի որակի փոփոխությունն է: Արմեն Սաղաթելյանը նշեց, որ ջուրը մեր տարածաշրջանի համար թիվ մեկ քաղաքական, տնտեսական ռեսուրսն է: Իսկ հանքի շահագործումը առաջացնելու է ինտեսնիվ թթվային դրենաժ, որը առաջինը վնասելու է Սպանդարյան - Կեչուտ թունելը, այն կդառնա դրենաժային խոռոչ, ապա ջրերը ոչ կենտրոնացված կգնան տարբեր ուղիներով և դուրս կգան մակերևույթ: Արդյունքում զգալի տարածքում չի լինի պիտանի խմելու, մաքուր ջուր:
Գիտնականը խոսեց նաև Մինիմատա կոնվենցիայի մասին, որով Հայաստանը պարտավորվում է թույլ չտալ սնդիկի արտանետում շրջակա միջավայր: Իսկ հանքի շահարոգրծման նախագծով նախատեսվում է սնդիկի արտանետում:
Արմեն Սաղաթելյանը փաստեց, որ Լիդիան Արմենիա ընկերությանը տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը իր բովանդակությամբ մեխանիկական բնույթ է կրում, այսինքն՝ այնտեղ հետազոտական մասը առհասարակ բացակայում է, պարզապես պատճենվել են Լիդիանի ՇՄԱԳ-ից հատվածներ, դրանք դարձվել եզրակացություն: Փորձագետը որևէ ուսումնասիրություն, վերլուծություն փաստացի չի կատարել:
Դատարանի որոշմամբ պարոն Սաղաթելյանը ճանաչվեց փորձագետ և սահմանվեց երկու շաբաթ ժամանակ դատարանի կողմից առաջադրված հարցերին պատասխանելու համար:
Հաջորդը դատարանին ներկայացավ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը: Նա խոսեց Ամուլսարի հարակից տարածքում գոյություն ունեցող՝ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների և կենդանատեսակների մասին:
Դատավարության ընթացքում հայցվոր կողմի և որպես երրորդ անձ ներգրավված «Լիդիան Արմենիա» ընկերության տեսակետները բախվեցին հիմնականում երկու հարցի վերաբերյալ.
- Հայցվոր կողմը պնդում էր, որպեսզի իր առաջադրած բոլոր հարցերը ընդգրկվեն նշանակվող փորձաքննության շրջանակներում, քանի որ փորձագետի եզրակացությունը այն միակ ապացույցի տեսակն է, որով կարելի է պատասխանել գիտության, արհեստի, արվեստի և այլ բնագավառներում մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերին: Մինչդեռ մյուս կողմը գտնում էր, որ քանի որ գիտնականներն արդեն իսկ ունեն հրապարակված հոդվածներ, ուսումնասիրություններ, կարելի է ուղղակի օգտագործել դրանք և դիտարկել որպես գրավոր ապացույց:
- Բացի այս «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Սայադ Բադալյանը պնդում էր, որ դատարան ներկայացած երեք գիտնականները չեն կարող լինել անաչառ և անկոմնակալ փորձագետներ, քանի որ արդեն իսկ ունեն ձևավորված մասնագիտական կարծիք հանքի շահագործման, դրա նախագծի վերաբերյալ: Դրան ի պատասխան հայցվորների ներկայացուցիչ Հայկ Ալումյանը նշեց, որ Ամուլսարի խնդիրը մեծ հնչեղություն ունի, և ոլորտին առնչվող ցանկացած մասնագետ տեղյալ է դրանից և բնականաբար ունի իր ձևավորված վերաբերմունքը և մասնագիտական կարծիքը հարցի վերաբերյալ: Դատարանը արդյունքում եկավ այն եզրահանգման, որ անհրաժեշտ է փորձագետներ ներգրավել երկու կողմերից, որպեսզի նրանց կարծիքների բախման արդյունքում պարզ դառնա իրավիճակը:
Դատավարության ողջ ընթացքում գործով որպես պատասխանող ներգրավված ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը որևէ հարցի վերաբերյալ որևէ տեսակետ չարտահայտեց: Այսպիսով, հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:30-ին:
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: