Այս տարի կծնվի ՀՀ «քաղաքացի» առաջին եղջերուն. ազնվացեղ եղջերուները՝ «Դիլիջան» ազգային պարկում (ֆոտոշարք)
Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան են բերվել 3 Կովկասյան ազնվացեղ եղջերուներ, որոնց միջոցով հետագայում հայոց բնաշխարհ կվերադառնա այս յուրահատուկ կենդանին: Վերջին անգամ ազնվացեղ եղջերուներ Հայաստանում արձանագրվել են 90-ական թվականներին: Ցավոք, կենդանին ենթարկվել է անխնա անօրինական որսի, որի արդյունքում տեսակը վերացել է:
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում բերված եղջերուների համար կառուցվել է հատուկ բազմացման կենտրոն, որտեղ կենդանիները կկարողանան իրականացնել իրենց բնական վերարտադրությունը: Կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով Բազմացման կենտրոն էին այցելել Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը, Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանը և այլոք:
Մեկ հեկտար տարածքում պահվող մայրական կազմը դեռևս բաղկացած է երեք առանձնյակից՝ երկու էգ և մեկ արու, որոնցից մեկն արդեն իսկ ձագուկի է սպասում: Իրականում, Հայաստան էին պատրաստվում գալ 4 եղջերուներ, սակայն Իրանում եղջերուներից մեկը փախչել է և մթության պատճառով կենդանուն չեն կարողացել գտնել: «Ամեն դեպքում, 4-րդին շուտով բերելու են». հավաստիացնում են Կարեն Մանվելյանն ու Արծվիկ Մինասյանը:
«Ընդհանուր 10 հա է տարածքը, որից 1 հեկտարի վրա պահվելու է մայրական կազմը, հետո՝ երբ ձագերը ծնվեն, իրենց տեղափոխելու են մեծ ազատավանդակ՝ 9 հա, որտեղ իրենք պետք է արդեն վարժեցվեն վայրի բնություն բաց թողնելու համար: Մոտ 3 տարի այնտեղ կգտնվեն, հետո կտեղադրենք ռադիովզկապներ և բաց կթողենք բնություն, որպեսզի կարողանանք իրենց շարժին հետևել: Մայրական կազմը միշտ այստեղ պետք է մնա, պետք է բազմանան, միայն ձագերին ենք բաց թողելու բնություն»,- ասում է WWF հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը:
Շուտով ազնվացեղ եղջերուների խմբաքանակն ավելանալու է ևս 10-15 առանձնյակներով: Ինչպես ասում է Կ. Մանվելյանը, ակնկալվում է, որ տարեկան կծնվի մոտ 10 ձագ: «Մեկ տարի հետո, երբ այդ ձագերը մորից կտրվեն, կտեղափոխվեն մեծ ազատավանդակ, որտեղ և կվարժեցվեն վայրի բնությանը: Այնտեղ մարդկանց հետ շփում չպետք է լինի. առանց լրացուցիչ կերակրման և այլն: Այնտեղ կենդանիները պետք է լինեն ինչպես բնության մեջ: Երբ հասունանան՝ դառնան մոտ 2.5-3 տարեկան, իրենց բաց կթողնեն վայրի բնություն»,- մանրամասնում է նա:
Նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ևս հայտնեց, որ շուտով նախատեսվում է ավելացնել կենդանիների քանակը: Եղջերուներ կբերվեն նաև ՌԴ-ից և Վրաստանից: «Ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս, իսկապես երկար տարիներ է, որ Հայաստանի լեռնաշխարհից, անտառներից բացակայում է Կովկասյան ազնվացեղ եղջերուն: Այսօր մենք ունենք այս հաջողությունը շնորհիվ Բնապահպանության նախարարության, Կառավարության, պետության, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) ակտիվ աջակցության: Սա առաջին քայլերն են, մենք նախատեսում ենք մեծացնել քանակը ոչ միայն բնական ճանապարհով: Լրացուցիչ խմբաքանակներ ենք բերելու, այդ թվում՝ Ռուսաստանից և Վրաստանից: Նշեմ, որ մենք արդեն ունենք նաև համաձայնություն «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ, որպեսզի այստեղ նաև բերենք եվրոպական եղջերուներ: Այնպես որ մեր բնությանը սպասվում է ակտիվ վերականգնման շրջան. երբ նվիրվածություն կա, սրտացավ վերաբերմունք կա, մենք կարող ենք արձանագրել հաջողություններ, որոնք մեր բոլորինն են»,- մանրամասնեց նախարարը:
Բազմացման կենտրոնը բաղկացած է երկու մասից. 1 հա բուն բազմացման հատվածն է, և եղջերուները մարդկանց հետ շփվում են: Սա կիսաազատային պայմաններն են, և կենդանիներն այստեղ պետք է ծնեն: Երկրորդ հատված են տեղափոխվելու ձագերը, որտեղ նրանք արդեն չեն շփվելու որևէ մարդու հետ, որպեսզի վայրի բնությանն ընտելանան:
«Տարածքն ամբողջությամբ հսկողության տակ է՝ թե էլեկտրական, թե ցանցային հսկողությունը կա: Տեսչական մարմինն իր մարզային մասնաճյուղով ամբողջությամբ գիշեր ու զոր ապահովում է այն: Բայց հիմնական հսկողական ֆունկցիան դրված է «Դիլիջան» ազգային պարկի վրա, որն իր ռեյնջերներով պետք է ապահովի պատշաճ պահպանություն: Ասեմ նաև, որ իրավապահ մարմինները ևս համագործակցում են մեզ հետ, որպեսզի որևէ հնարավոր վտանգի դեպքում իրենք արագ արձագանքեն»,- ասաց նախարարը:
Նախարարը նշեց, որ առանց միջազգային դոնոր կազմակերպությունների դժվար է նման ծրագրերի իրականացումը: Բացի այդ, այժմ նախարարության քաղաքականության մեջ կարևոր տեղ է գրավում նաև հայաստանյան մասնավոր սեկտորի ակտիվ ներգրավումն այսպիսի ծրագրերում: Սա նաև հնարավորություն է ներդրումային դաշտն ավելի բարելավելու: «Չկա աշխարհում զարգացած երկիր, որտեղ շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ մեծ միջոցներ չծախսվեն»,- մանրամասնում է նախարար Մինասյանը:
Լրագրողների հարցին, թե ինչ միջոցներով է իրականացվել գործարքը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Քանի որ այս ծրագրի շրջանակներում իրականացված գործարքը հիմնված էր փոխանակման սկզբունքի վրա, օրինակ՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը մենք WWF ծրագրի շրջանակներում ապահովել ենք համապատասխան սարքավորումներով, իսկ իրենք մեզ տվել են այդ եղջերուները: Վրաստանին մենք տվել ենք բեզոարյան այծեր, որպեսզի դիմացը ստանանք եղջերուներ»:
Խոսելով պահպանության մասին Արծվիկ Մինասյանը չափազանց կարևորեց որսահանդակների նկատմամբ քաղաքականության վերանայումը: «Անցյալ տարի, Խոսրովի անտառի հրդեհից հետո արձակեցինք հրաման և արգելեցինք հարակից որսահանդակներում որսը: Տեսանք արդյունքը. այլևս «Խոսրովի անտառ» արգելոցում մենք ունենք մեր հրաշալի կովկասյան ընձառյուծ: Պետք է զարգացնենք այս գաղափարը, մոտեցումը փորձենք տարածել: Այս տարի շատ ավելի լայն տարածքներ ենք ընդգրկելու որսի արգելման և հսկողության ուժեղացման գործում, որպեսզի թե՛ էկոմիջանցքների, թե՛ դրան հարակից տարածքներում բացառենք որևէ գործողություն կենդանատեսակների նկատմամբ»,- նշեց նա:
Հավանաբար արդեն այս տարի մենք կունենանք Հայաստանում ծնված առաջին փոքրիկ եղջերուն, ինչպես նախարարը նշեց՝ Հայաստանի «քաղաքացի»:
Տեղափոխման ընթացքում արու եղջերուների կոտոշները կտրել են, որպեսզի տեղափոխումը լինի անվտանգ: Քանի որ եղջերուների կոտոշներն աճում են, ապա կենդանին շուտով կվերականգնվի:
Արծվիկ Մինասյանը՝ հավատացնելով, որ այս ծրագիրն ընդլայնվելու է, մեծացվելու է, հայտարարեց նաև, որ շուտով կմեկնարկի եղջերուների և Խոսրովի անտառում նկարահանված ընձառյուծի համար անունների ընտրության մրցույթ, որին կարող են մասնակցել բոլորը:
Խոսելով կենդանիների անվտանգությունից, Կարեն Մանվելյանը նշեց, որ էլեկտրական ցանկապատը պահակները հիմնականում գիշերն են միացնում, որպեսզի գիշատիչ կենդանիները ներս չկարողանան մտնել: Բացի այդ, գործում է առցանց հսկողության համակարգ, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր պահի իրականացնել հսկոսություն անգամ հեռախոսի միջոցով:
Եղջերուների բազմացման կենտրոնին ծանոթանալուց հետո «Դիլիջան» ազգային պարկում իրականացվեց ծառատունկ, որին մասնակից եղան նաև լրագրողները:
«Դիլիջան» ազգային պարկի պահպանության գծով փոխտնօրեն Բենյամին Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, ասաց. «Այս հատվածն ընտրվել է, քանի որ անտառազուրկ հատված է: Ընդհանուր տարածքը մեկ հեկտար է կազմում:
Ծառատունկին մասնակցում են նաև մեր հարակից Թեղուտ գյուղի միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտներ, որոնք օգնում են մեզ այս տարածքը ծառաշատ դարձնելու գործում: 2300-2500 հացենի տեսակի ծառ է տնկվելու այսօր: Այս ծառատեսակն է ընտրվել, քանի որ այստեղ հացենիների կպչողականությունն ավելի բարձր է: Այսօր մեր տնկածների 80 տոկոսը վաղը կանգուն ծառ է դառնալու»:
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: