«Քարերի սիմֆոնիայի» հարևանությամբ կառուցված շինությունն ապամոնտաժվել է

Կոտայքի մարզի Գառնի համայնքի «Գառնի ձոր» տարածքում կատարվող շինարարության վերաբերյալ վերջին շրջանում մամուլում լայն տարածում գտած հրապարակումների ու ահազանգերի հիման վրա ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ և Գառնի համայնքի ղեկավարի աշխատակազմի ներգրավմամբ իրականացվել են համապատասխան դիտարկումներ և ուսումնասիրություններ:

Նշված գործընթացի շրջանակներում Գառնիի համայնքապետարանում ձևավորվել է հանձնախումբ՝ հիշյալ շինարարության օրինակությունն ուսումնասիրելու նպատակով:
Հանձնախմբի կողմից արձանագրվել է, որ նշված տարածքում կատարվում է ինքնակամ շինարարություն և պահանջվել աշխատանքների դադարեցում:

Համայնքում ձևավորված հանձնաժողովի կողմից առաջարկվել է նաև հարուցել վարչական վարույթ՝ խնդրին օրենքով սահմանված կարգով անդրադառնալու և անհրաժեշտ լուծումներ տալու նկատառումով:

Հիմք ընդունելով հիշյալ առաջարկը՝ Գառնի համայնքի ղեկավար Ա. Սահակյանի որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ և 2018 թվականի փետրվարի 28-ին նշանակվել են վարչական վարույթի լսումներ:

Արդյունքում կայացվել է կիսակառույց շինության ապամոնտաժման, ինչպես նաև ինքնակամ շինարարություն իրականացնող բնակչին տուգանելու որոշում: Փետրվարի 28-ի օրվա ավարտին արդեն իսկ «Գառնի ձոր» տարածքի համապատասխան հատվածը բերվել է իր նախկին տեսքին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում